02/09/2020 17:14
Այս ձևաչափը կարող է դառնալ նոր մշակույթ. Ջիվան Գասպարյանը՝ նոր նախագծի մասին
Շուրջ կես տարի, պայմանավորված COVID-19-ով, Հայաստանում հատկապես մշակութային ոլորտը պարտադրված պարապուրդի մեջ էր: Փակ էին թատրոնները, համերգասրահները, ռեստորանները, չեղարկվել էին ներկայացումներն ու համերգները, ռեստորաններում՝ շոու ծրագրերը:
Ոմանց համար այս պարապուրդը ֆինանսական աղետ ստեղծեց, ոմանց համար՝ հնարավորություն՝ հանդես գալ նոր նախաձեռնությամբ:
Դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերն, ով այս ամիսների ընթացքում գործունեությունը շարունակել է իր տանը գտնվող ձայնագրման ստուիդիայում, այժմ պատրաստվում է առցանց համերգներով հանդես գալ: Բեմահարթակն արդեն պատրաստ է: Օնլայն հարթակում Ջիվան Գասպարյան կրտսերի և ընկերների կատարումները դիտելու համար կսահմանվի սիմվոլիկ գումար, հնարավոր է՝ մոտ 500 դրամի չափ, հասույթն էլ վերջում կտրամադրվի բարեգործական նպատակով:
«500-ն առավելագույն չափն է, ցանկանում եմ՝ յուրաքանչյուր օնլայն հանդիսատես իր ընտրությամբ՝ 100-500 դրամ վճարի ու վայելի կատարումները: Այսկերպ ուզում եմ ինչ-որ բանով օգտակար լինել համավարակի պատճառով տուժած արվեստագետներին, նաև՝ բանակին: Այս ձևաչափը կարող է դառնալ մի նոր մշակույթ, ու ցանկացած ճգնաժամի դեպքում երաժիշտները գոնե ապահովագրված կլինեն պարապուրդից, ի վերջո, երաժիշտի եկամտի աղբյուրը բեմն է, միջոցառումները: Ճիշտ է՝ հանդիսատեսի հետ անմիջական շփումը տուժում է, բայց պայմաններն այս են, ի՞նչ կարող ենք անել», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց նա:
Առցանց համերգի ժամանակ «օնլայն բեմում» կլինեն տարբեր երգիչներ և երաժիշտներ: Հավանական է, որ առաջին համերգը ժողգործիքների ուղեկցությամբ կլինի: Նկատում է՝ ուրախ կլինի, եթե լինեն մարդիկ, ովքեր պատրաստ են ներգրավվել իրենց թիմում ու աջակցել կազմակերպչական այլ հարցերում:
Ի դեպ, պարտադրված պարապուրդը ևս մեկ նորարարություն է թելադրել. երաժիշտը վաճառքի համար դուդուկի տեսքով USB կրիչներ է արտադրել, որոնք պատրաստվում են ծիրանի փայտից: Դրանց վրա ձայնագրված են Ջիվան Գասպարյանի կատարմամբ 50-ից ավելի ստեղծագործություններ:
Կրտսեր Գասպարյանն այս ընթացքում Հայաստանի սահմաններից դուրս նախատեսված շուրջ 50 համերգ է չեղարկել: Հոկտեմբեր-նոյեմբեր ամսիներին էլ ԱՄՆ-ում և Փարիզում ելույթներ ունի, սակայն դեռ չգիտի՝ դրանք ինչ ճակատագիր կունենան:
Գասպարյանների ընտանիքն այս ամիսներին կարողացել է խուսափել COVID 19-ից: Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է հաղթահարում բարդ ժամանակաշրջանն ավագ Ջիվան Գասպարյանը:
«Մենք շատ մարդկանց հետ չենք շփվում, ռեստորաններ չենք գնում, հիմնականում տանն ենք անցկացնում: Իմ ձայնագրության ստուդիան մեր տանն է, սեփական տան բակն էլ նման իրավիճակներում փրկություն է, կարողանում ենք հանգստանալ: Իսկ պապիկս հիմա ԱՄՆ-ում է, չկարողացավ գալ Հայաստան, քանի որ ճանապարհները փակ էին: Անհամբեր սպասում է՝ երբ է ամեն ինչ հանդարտվելու, թռիչքուղին բացվի, որ գա Հայաստան ու վայելի հայաստանյան արևը: Ամռան ամիսներին նա միշտ Հայաստանում էր լինում, շատ է սիրում մեր միրգը, բնությունը: Ցավոք, այս տարի չստացվեց», - ընդգծեց մեր զրուցակիցը:
«Էս վիրուսը մարդկանց կողմից եկել ու մարդկանց է կպել, հո բնությունը չի՞ տվել», - ասում է դուդուկահարն ու շարունակում.
«Աշխարհի տարբեր անկյուններից տարբեր բան եմ լսում, արդեն չգիտեմ՝ որին հավատամ: Մի 4-5 հոգի նստել են աշխարհի մեջքին ու իրենց ծրագիրն են իրականացնում: Փող սիրողների համար մարդկային կյանքն ի՞նչ է որ, փողն է նրանց սրբությունը: Հո Աստված վիրուս չի՞ ստեղծել: Աստծո նպատակն այն է եղել, որ մարդիկ գան էս աշխարհ, ապրեն, վայելեն, բարիքներ ստեղծեն ու գնան, ոչ թե գան չարիք գործեն: Ինքը բոլոր գույները, ձայները տվել է, մնում է՝ այդ ամենը միացնենք իրար ու վերջ: Ամեն դեպքում, ես իմ գործն եմ սիրում, իմ երաժշտությունը: Զարմանում եմ, երբ մարդիկ սկսում են խոսել բաներից, որն իրենցը չի, իրենց բնագավառը չի: Մեր հասարակությունը շատ քաղաքականացված է, որ կողմ նայում ես՝ քաղաքականությունից են խոսում, բոլորն իրենց քաղաքական կարծիքը բարձրաձայնում են՝ լինի տանը, աշխատավայրում, թե սոցիալական ցանցերում: Նախկինում, երբ թերթերը մեկ հոդված էին տպագրում, մի քանի աղբյուրներով ճշտում էին, հասկանում՝ ի՞նչն ինչ է: Հիմա ով ում հասցեին ինչ հիմարություն ուզում, «բղավում» է: Կարծում եմ՝ պետք է վերահսկողություն լինի սոցցանցերում: Չարիքը հենց այդ սոցիալական ցանցերն են, եթե իմ երաժշտական գործունեությունը չլիներ, երբեք չէի գրանցվի այս ցանցերում»:
Ջիվան Գասպարյան կրտսերը երկու որդի ունի՝ 6 և 2 տարեկան, երկուսն էլ երաժշտական հակումներ ունեն, սիրում են ուսումնասիրել դուդուկն ու դաշնամուրը, փորձում են ձեռքի տակ հայտնված ցանկացած երաժշտական գործիք, ծանոթանում ձայներին: