02/09/2020 23:53
Ֆուտբոլիստներ Գոռ և Էդգար Մալաքյանները ազատ արձակվեցին
Ֆուտբոլիստներ Գոռ և Էդգար Մալաքյանները ազատ արձակվեցին ՀՖՖ նախագահի միջնորդությունից հետո։
Նրանք չցանկացան մանրամասներ հայտնել իրավապահների հետ Կասկադում տեղի ունեցած միջադեպից, նշելով, որ հետագայում ամեն ինչ կպարզվի։ Եղբայրները նաև շնորհակալություն հայտնեցին ՀՖՖ-ին և իրենց սատարողներին։
Այսօր ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը դիմել է իրավասու պաշտոնատար անձանց՝ իր մտահոգությունը հայտնելով Էդգար և Գոռ Մալաքյան եղբայրների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ 2020 թվականի օգոստոսի 30-ին Երևանի կենտրոնում գրանցված միջադեպի կապակցությամբ:
Իր նամակում ՀՖՖ նախագահն ակնկալում էր դեպքի անաչառ քննություն և խնդրում է իրավասու պաշտոնատար անձանց քննարկել Մալաքյան եղբայրների նկատմամբ ազատությունից զրկելու հետ չկապված այլ խափանման միջոցների կիրառման հնարավորությունը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատասխանատու պաշտոնատար անձինք պատրաստակամություն էին հայտնել հանդես գալ նաև անձնական երաշխավորությամբ:
Մալաքյանների փաստաբան Գոռ Միքայելյանը նշել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջիններս ազատությունից զրկվել են 30.08.2020 թ. ժամը 23։40-ին և 23։45-ին, ուստի նրանց անազատության մեջ պահելու առավելագույն ժամկետը լրանում է այսօր` ժամը 23։40-ին և 23։45-ին։