03/09/2020 11:31
21 «ՈւԱԶ» տեսակի ամենագնաց շտապօգնության ավտոմեքենա կնվիրաբերվի մարզային բժշկական կենտրոններին
Կառավարության այսօրվա նիստում Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված գումարի շրջանակներում ձեռք բերված 21 գծային տեսակի շտապօգնության ավտոմեքենա կտրամադրվի մարզական բժշկական կենտրոններին:
«Առաջնային համարելով ՀՀ մարզերում օգնության ծառայության համաչափ զարգացումը, հիմք ընդունելով նաև կորոնավիրուսային հիվանդության տարածմամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ ՀՀ-ում Առողջապահության նախարարությունն իր առաջնահերթ խնդիրն է համարում մարզերում բժշկական կազմակերպություններում նյութատեխնիկական բազայի բարելավումը, մարզային ազգաբնակչության համար շտապօգնության ծառայության մատչելիության ապահովումը և հեռավոր գյուղական բնակավայրերի բնակչությանը սպասարկող շտապ բժշկական օգնության ծառայությունները տեղանքի ռելիեֆին համապատասխանող ամենագնաց և բարձր անցողիկանություն ունեցող տրանսպորտային միջոցների ապահովումը: Նշված նպատակով ձեռք է բերվել 21 «ՈՒԱԶ» տեսակի շտապօգնության մեքենա», - նշեց փոխնախարարը:
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում շտապ օգնության ծառայությունը առողջապահության համակարգում գործող այն օպերատիվ և մոբիլ ծառայությունն է, որի զարգացման և հագեցվածության մակարդակը, բժշկական անձնակազմի պատրաստվածությունը, տեղում կամ ճանապարհին անհետաձգելի բուժօգնության կազմակերպումը, հիվանդին մասնագիտացված բուժհաստատություն ժամանակին տեղափոխումը անմիջական կապ ունի ծառայությանը դիմող պացիենտների կյանքին վտանգ սպառնացող հիվանդության բարեհաջող ելքի հետ։
Մեքենաները հագեցվել են ՀՀ պետական բյուջեի շրջանակներում ձեռք բերված շտապ և անհետաձգելի օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ բժշկական սարքավորումներով և պարագաներով։