03/09/2020 17:56
Էդգար Մալաքյանը կկալանավորվի
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը, Aysor.am-ին ասաց Մալաքյան եղբայրների փաստաբան Գոռ Միքայելյանը։
Էդգար Մալաքյանը կկալանավորվի մեկ ամիս ժամկետով։
«Մի որոշմամբ ձերբակալությունը համարվել է ոչ իրավաչափ, մեկ այլ որոշմամբ՝ բավարարվել ֆուտբոլիստին կալանավորելու միջնորդությունը»,-ասաց փաստաբանը։
Նա նշեց, որ մյուս եղբոր՝ Գոռ Մալաքյանի նկատմամբ խափանման միջոցի գործով դատական նիստն ընդմիջվել էր։ Նիստը կշարունակվի այսօր՝ ժամը 18։00-ին։
Մալաքյաններին առաջադրված մեղադրանքի համաձայն` նրանք բռնություն են գործադրել ՃՈ աշխատակիցների նկատմամբ, կատարել խուլիգանություն, որի ընթացքում ծեծի են ենթարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի քննիչներին, այնուհետև ծեծել են օգնության ժամանած՝ ՃՈ աշխատակիցներին, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակիցներին:
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը դիմել է իրավասու պաշտոնատար անձանց՝ իր մտահոգությունը հայտնելով Էդգար և Գոռ Մալաքյան եղբայրների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ 2020 թվականի օգոստոսի 30-ին Երևանի կենտրոնում գրանցված միջադեպի կապակցությամբ:
Իր նամակում ՀՖՖ նախագահն ակնկալում էր դեպքի անաչառ քննություն և խնդրում է իրավասու պաշտոնատար անձանց քննարկել Մալաքյան եղբայրների նկատմամբ ազատությունից զրկելու հետ չկապված այլ խափանման միջոցների կիրառման հնարավորությունը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատասխանատու պաշտոնատար անձինք պատրաստակամություն էին հայտնել հանդես գալ նաև անձնական երաշխավորությամբ: