03/09/2020 14:52
Կարանտինի վերաբերյալ նախագիծը նախատեսում է մինիմալ սահմանափակումներ. Վլադիմիր Վարդանյան
Կարանտինային միջոցառումները հայտնի ինստիտուտ են և կիրառվել են տարբեր հաստատություններում: Այժմ փորձ է արվում անցում կատարել առավել մեղմ ռեժիմի, որը թույլ կտա կանխարգելել վարակի տարածումը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
«Ներկայացված նախագիծը նախատեսում է մինիմալ սահմանափակումներ: Ընդ որում՝ այդ սահմանափակումները և՛ համաչափ են, և՛ օրենսդրական հիմք ունեն: Որևէ սահամանփակում չպետք է ինքնանպատակ լինի, այն պետք է հետապնդի իրավաչափ նպատակ», - ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ավելի վաղ հայտարարել էր՝ մշակվում է նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքներում փոփոխություններ կատարել, որով ՀՀ-ում մինչև սեպտեմբերի 11-ը հայտարարված արտակարգ դրությունը չի երկարցվի, իսկ դրա ավարտից հետո կսկսեն գործել այլ սահմանափակումներ և միջոցառումներ:
«Վարակիչ հիվանդությունների ՀՀ ներթափանցման, ներբերման, դրանց ծագման և տարածման վտանգի, բռնկումների, համաճարակի առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարող է սահմանվել կարանտին», - ասել էր նա։