03/09/2020 19:02
Ալվինա Գյուլումյանի աշխատասենյակն են մտել, հավաքել անձնական իրերն ու ուղարկել նրան. Վահե Գրիգորյանի համար ոչ թե մասնագիտությունն ու ՍԴ-ն են կարևոր, այլ իր անձնական բարեկեցությունը. Ավետիք Իշխանյան
ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանի աշխատասենյակն են մտել, հավաքել անձնական իրերն ու ուղարկել նրան, այս մասին հայտնում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
«Այժմ չեմ ուզում անդրադառնալ, ՍԴ-ում արհեստականորեն ստեղծված ճգնաժամի պատճառներին, դրանց օրինականությանը և այլն։ Նաև ենթադրենք, որ աշխատասենյակ մուտք գործելն ու այն, ըստ էության, «խուզարկելն» ու Ալվինա Գյուլումյանի անձնական իրերը հավաքելը բխում է օրենքի տառից։ Բայց չէ՞ որ գոյություն ունեն նաև չգրված էթիկայի կանոններ, տարրական հարգանք անձի, մանավանդ իր մասնագիտական և մարդկային հատկություններով իրեն երբեք չարատավորած պաշտոնյայի նկատմամբ։Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ նշյալ գործողությունը կատարելու հրահանգ տվող Սամվել Առաքելյանը անձամբ ճանաչել և ջերմ հարաբերություններ է ունեցել Ալվինա Գյուլումյանի հետ, ապա այս պատմությունն ավելի քան անընդունելի է։ Լավ, միթե հնարավոր չէ՞ր գոնե զանգահարել և զգուշացնել տիկին Գյուլումյանին, «վերևից» եկող հրամանի մասին և խնդրել գալ ՍԴ։
․․․Ինչ վերաբերում է Վահե Գրիգորյանի՝ արագացված տեմպերով Ալվինա Գյուլումյանի աշխատասենյակի «սեփականաշնորհմանը», ապա կարելի է ենթադրել, որ Վահե Գրիգորյանի համար ոչ թե իր մասնագիտությունն ու ՍԴ-ն են կարևոր, այլ իր անձնական բարեկեցությունը։ Թե՞ ես սխալվում եմ, գուցե ավելի հարմարավետ, աշխատասենյակում է գալիս մասնագետի ստեղծագործական մուսան, և միայն հին, նեղ, տարրական հարմարություններից , լուսավորությունից զերծ աշխատասենյակն էր պատճառը, որ Վահե Գրիգորյանն ավել քան մեկ տարի լինելով ՍԴ անդամ, ներեցեք՝ դատավոր, չէր կարողանում կենտրոնանալ, աշխատել և մասնակցել ՍԴ նիստերին․․․Իհարկե, չմոռանալով իր տանջանքների համար բարձր աշխատավարձ և պարգևավճարներ ստանալ», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Իշխանյանը։