03/09/2020 16:15
Ընդդիմադիր ուժերն աշնանը փորձելու են նոր քաղաքական օրակարգեր ձևավորել. Քաղտեխնոլոգ
Առաջիկայում կարող է խոսք գնալ ոչ թե «թեժ», այլ պարզապես ակտիվ քաղաքական աշնան մասին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
«Ակտիվ էր նաև ամառը, երբ ՀՀ նախկին բոլոր նախագահները բավական ակտիվ գործունեություն էին ծավալում: Հանգստյան սեզոնն, ընդհանուր առմամբ, բավական աշխույժ էր: Էլ չեմ ասում, որ բավական ակտիվ էր իրար հետ համագործակցող մի քանի կուսակցություններից կազմված ընդդիմադիր մյուս սեգմենտը՝ «Հայրենիք» կուսակցություն, ԲՀԿ, ՀՅԴ և այլն: Այս բոլոր ուժերը և՛ ինքնուրույն էին գործում, և՛ կարողանում էին միմյանց հետ համագործակցել, այսինքն՝ մենք տեսնում էինք, որ ընդդմադիր դաշտում բավական ակտիվ գործընթացներ էին տեղի ունենում, ես կասեի՝ դիրքավորման գործընթացներ:
Կարծում եմ՝ ընդդիմադիր ուժերն աշնանը փորձելու են նոր քաղաքական օրակարգեր ձևավորել՝ օգտագործելով նաև արդեն եղած, իշխանության համար քրոնիկ դարձած խնդիրները՝ Ամուլսարի հանքի շահագործում, համավարակ, համավարակից բխող սոցիալ-տնտեսական լարվող իրավիճակ և այլն: Քաղաքական առանձին խնդրի են վերածվում նաև կրթական, այսպես կոչված, բարեփոխումները, կադրային հարցերը: Այս բոլոր խնդիրներն ամիսների ընթացքում չեն լուծվել, և իշխանության համար կարող է գալ տհաճ մի պահ, երբ ամեն մեկը պահանջի իր խնդրի լուծումը», - նշեց Վիգեն Հակոբյանը:
Քաղտեխնոլոգի համոզմամբ՝ իշխանությունն այդ պահին հայտնվելու է ցայտնոտի մեջ և շատ լուրջ սխալներ է թույլ տալու:
«Մենք տեսնում ենք, որ գործող իշխանությունն անգամ հանգիստ պայմաններում չի կարողանում շատ հարցեր լուծել, էլ չեմ ասում ճգնաժամային վիճակներում ինչ պետք է անի: Ճգնաժամային մենեջմենթի մասին խոսելն անգամ ավելորդ է», - ասաց մեր զրուցակիցը: