03/09/2020 20:12
Մեքսիկայի Պատգամավորների պալատը հավանություն է տվել նախագահի անձեռնմխելիության վերացմանը
Մեքսիկայի Կոնգրեսի ստորին պալատը չորեքշաբթի հաստատել է պետության ղեկավարի անձեռնմխելիության վերացումը:
Համապատասխան նախաձեռնությանն աջակցել է պատգամավորների ճնշող մեծամասնությունը:
«Ձայների 420 կողմ, ոչ մի դեմ և 15 ձեռնպահ հարաբերակցությամբ լիագումար նիստի մասնակիցները հավանություն են տվել Սահմանադրության 108 և 111 համարների հոդվածների փոփոխությանը», - ասվում է Պատգամավորների պալատի Twitter-ում տեղադրած հաղորդագրության մեջ:
«Նախագիծն ուղարկվում է Մեքսիկայի Սենատ»:
Երկրի հիմնարար օրենքի բարեփոխումը թույլ կտա պետության ղեկավարին դատել կոռուպցիայի և մի շարք ծանր և հատկապես ծանր հանցագործությունների, այլ ոչ միայն դավաճանության համար, ինչպես ներկայումս:
Երկրի ղեկավարի դատական անձեռնմխելիության վերացումը գործող նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի նախընտրական խոստումներից մեկն էր: Նա երկրի կառավարումը ստանձնել է 2018-ի դեկտեմբերի 1-ին՝ վեց տարի ժամկետով: