03/09/2020 17:10
Պետական համակարգում աշխատանքի անցնելու հարցում որոշ տեղ է զբաղեցնում նաև քաղաքական անցյալը. Էդուարդ Աղաջանյան
Կասկած կհայտնեմ մտահոգությունների մասսայականության վերաբերյալ, թե կառավարությունում աշխատանքի են անցնում այն անձինք, ովքեր ծանոթ-բարեկամներ ունեն, լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
«Ընդհանրապես, կադրային քաղաքականության հարցում հստակ մոտեցում դժվար է պատկերացնել՝ հաշվի առնելով մի քանի հանգամանք։ Նախ՝ վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել է կադրային բանկ, որի համար դիմել են հազարավոր քաղաքացիներ։ Ցավով պետք է արձանագրենք, որ մասնագիտական այն ցենզը, որն ակնկալում էինք, ամենևին չի բավարարում։ Ըստ այդմ, մասնագիտական առումով չունենք այն պատկերը, որը կուզեինք ունենալ», - ասաց Աղաջանյանը։
Նա նշեց, թե քաղաքական անցյալը ևս որոշումների կայացման ընթացքում որոշ տեղ է զբաղեցնում։
«Բնականաբար, չի կարող լինել մի իրավիճակ, երբ ամբողջ պետական համակարգը զբաղեցված լինի միայն մասնագետներով, տեխնոկրատներով և քաղաքական զրո անցյալ ունեցող անձանցով։ Վերջիվերջո, սրանք քաղաքական գործընթացներ են, որոնք չեն կարող անմասն մնալ քաղաքական դեմքեից։ Այս հարցում կա առողջ բալանս: Մեր քաղաքական թիմում ներգրավված են ինչպես քաղաքական հետագիծ ունեցող անձինք, այնպես էլ պրոֆեսիոնալներ, ում հետ ներկայիս կառավարությունը մեծ հույսեր է կապում», - ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավարը։