03/09/2020 10:17
Վրաստանում խստացրել են քաղաքացիների Եվրոպա մեկնելու կանոնները
Վրաստանի խորհրդարանը չորեքշաբթի լիագումար նիստում երրորդ և վերջին ընթերցմամբ հաստատել է Եվրոպայի Շենգենյան գոտու երկրներ քաղաքացիների մեկնելու նոր կանոնները:
Համաձայն «Վրաստանից Վրաստանի քաղաքացիների ելքի և Վրաստան մուտք գործելու կարգի մասին» օրենքում կատարված փոփոխությունների` քաղաքացին չի կարող հեռանալ երկրից, եթե չունի կենսաչափական անձնագիր, որն ուժի մեջ է առնվազն երեք ամիս հայրենիք վերադառնալուց հետո:
Բացի այդ, Վրաստանի քաղաքացուն կարող են մերժել ելքի տրամադրումը, եթե նա չունի հետադարձ տոմս կամ այդ տոմսի ամրագրում, կամ հյուրանոց չի ամրագրվել, կամ չկա Շենգենյան երկրում նրան ընդունող անձի բնակության ստանդարտ հասցե: Մեկնելու իրավունք տրամադրումից հրաժարվելու պատճառը կարող է լինել ապահովագրության բացակայությունը, ինչպես նաև միջոցների անբավարար քանակը:
Փոփոխությունների փաթեթը նախատեսում է նաև քրեական պատասխանատվություն սահմանել օտարերկրյա պետությունում ապաստան ստանալու համար Վրաստանի քաղաքացիներին գումարի դիմաց կեղծ վկայագրերի կամ փաստաթղթերի տրամադրումը կազմակերպելու համար: Նման արարքը պատժվելու է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով, իսկ ծանրացնող հանգամանքների առկայության դեպքում՝ երեքից ութ տարի ժամկետով:
Նման կոշտ միջոցներ ձեռնարկելու պատճառը Վրաստանից ԵՄ ապաստան հայցողների թվի ավելացումն է:
Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն 2021 թվականի հունվարի 1-ից:
Եվրամիության Շենգենյան գոտի առանց վիզայի ռեժիմը Վրաստանի համար ներդրվել է 2017 թվականի մարտի 28-ին: Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզայի Շենգենյան երկրներում մնալ 90 օր: