03/09/2020 11:56
«Մարզիկներն ու մարզիչները ծանր կացության մեջ են». կառավարությունը վերջիններիս նպաստ կտրամադրի
2021 թվականի ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստվելու նպատակով օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների հաղթողներին և մրցանակակիրներին, 2021 թվականի ամառային օլիմպիական խաղերին մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկներին, ինչպես նաև օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիչներին ու բժիշկներին սպորտային նպաստ տրամադրելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կհատկացվի 232 միլիոնն դրամ:
«Այդ նախագծով պետությունը վերահաստատում է իր հանձնառությունը սպորտի ոլորտում մեծ դերակատարություն ունենալու և, ըստ էության, նոր ծրագիր է մեկնարկում: Ներկայում ՀՀ-ում Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի աշխարհի և Եվրոպայի առաջնությունների չեմպիոններին և մրցանակակիրներին, ինչպես նաև 2021 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցելու համար վարկանիշ ձեռք բերված մարզիկներին, մարզիչներին և բժիշկներին ամսական խրախուսական գումար չի տրամադրվում, ինչը նախկինում արվում էր ոչ պետական աղբյուրից, սակայն ամիսներ շարունակ դադարացվել է և ծանր կացության մեջ են հայտնվել մեր մարզիկներն ու մարզիչները», - կառավարության նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ նոր վերաբաշխմամբ՝ հնարավոր կլինի յուրաքանչյուր ամիս սպորտային նպաստ տրամադրել մարզիկներին, ՀՀ հավաքականների մարզիչներին, բժիշկներին և բարելավել նրանց սոցիալական վիճակը:
«Դա նշանակում է կարևորել սպորտի դերն ու նշանակությունը և դրանով իսկ աջակցել նաև մարզաձևերի զարգացմանը, նպաստել ՀՀ հավաքականներին՝ ավելի ակտիվ հանդես գալու միջազգային մրցույթներում և մրցաշարերում: 2021 թվականի Օլիմպիական խաղերին պատրաստվում են 6 մարզաձևերի առաջադեմ մարզիկները, նրանց հետ աշխատում են օլիմպիական մարզաձևերի մեկ գլխավոր և 2 մարզիչներ և բժիշկներ», - նշեց նախարարը: