03/09/2020 16:29
«Դու սիրում ես ներկա իշխանությունը, ես՝ քննադատում, բայց դա կարելի ա շատ ավելի թեթև տանել». Մհեր Մկրտչյանը չի հերքում՝ «Դուխով» ֆիլմի առաջարկ ունեցել է
Երեկվանից տեսանելի որոշակի կոնֆլիկտ է հասունացել դերասան Սոս Ջանիբեկյանի և ռեժիսոր Մհեր Մկրտչյանի միջև: Պատճառը բոլորովին էլ ստեղծագործական հարթությունում չէ, այլ՝ քաղաքական հայացքներում: Սոս Ջանիբեկյանն ակնարկում է, որ ռեժիսորը գումար է վերցրել հակահեղափոխականներից ու այս օրերին հակահեղափոխական ֆիլմ է նկարում, այնինչ՝ հեղափոխության օրերին «Vivaro» ընկերության կայքին տված հարցազրույցում խոստովանել էր, որ պատրաստվում է «Դուխով» ֆիլմ նկարել հեղափոխության մասին:
Մհեր Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է դերասանի մեղադրանքը:
«Նախ.. շնորհակալ եմ իմ նոր ֆիլմը PR-ելու համար: Հիշեցնեմ վերնագիրը՝ «Իշխանություն» («Власть»):
Հիմա անցյալի մասին: Իսկ ո՞վ է ասել, որ հեղափոխության օրերին ես չեմ եղել ոգևորված, ռոմանտիկ մարդ: Ո՞վ է ասել, որ ես չեմ եղել հրապարակում: Դա իմ կյանքի մի հատված ա:
Այո... Շատ շուտ հասկացել եմ, որ սխալվել եմ ու հիասթափություն ապրել: Հնարավոր ա՝ ափսոսում եմ, բայց չեմ ամաչում և չեմ թաքցնում դա:
Հիմա «Դուխով» բրենդի մասին: Համոզված եմ՝ դա բաց տեղեկություն ա, որ «Դուխով» լոգոն պատկանում ա «Vivaro» ընկերությանը: Չեմ ուզում խորանալ ընկերության քաղաքականության մեջ, բայց այո, եղել է առաջարկ նման վերնագրով ֆիլմ նկարահանել: Այո, եղել են խոսակցություններ բյուջեի մասին: Որտե՞ղ է սենսացիան…
Հետո համաձայնության չեկանք: Դրա համար ես ունեի իմ գեղարվեստական բնույթի պատճառները, իսկ «Vivaro»-ն, համոզված եմ՝ իր...
Պատմությունը վերջացավ:
Սոս ջան... Մեկ անգամ ևս խնդրում եմ լինել կոռեկտ արտահայտությունների մեջ: Մի անցիր գիծը:
Սոս ջան... Մի օգտագործիր նման բառեր՝ «ուզել ես, չեն տվել», «վերցրել ես հակահեղափոխականներից»...
Հավատա՝ մենք երկուսս էլ շատ ծիծաղելի կլինենք դատարանում կամ ինչ-որ փողոցային բանավեճի մեջ: Մենք մի բնագավառի մարդիկ ենք ու կրում ենք ժառանգած ազգանուններ:
Դու սիրում ես ներկա իշխանությունը, ես՝ քննադատում: Դա կարելի ա շատ ավելի թեթև տանել և ժպտալ իրար հանդիպելուց:
Առողջ եղիր», - գրել է Մհեր Մկրտչյանը: