04/09/2020 11:47
«Լուսավոր Հայաստանը», ՀՖՖ-ն ու այլ անձիք պատրաստ են երաշխավորություն ներկայացնել Էդգար Մալաքյանի ազատության համար
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ բավարարել է ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Նույն դատարանը, սակայն, մերժել է Գոռ Մալաքյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր պատրաստակամությունն է հայտնել երաշխավորություն ներկայացնել՝ որպես Էդգար Մալաքյան նկատմամբ կիրառվելիք խափանման միջոց կալանավորմանը այլընտրանք։
«Մենք մեր պատրաստակամությունը ներկայացրել ենք, եթե փաստաբանները մեզ դիմեն, որովհետև պետք է փաստաբանները դա կազմակերպեն, այսինքն՝ եթե նրանք նպատակահարմար գտնեն երաշխավորությանը, խնդիր չկա, կտրամադրենք, ինչ ասել ենք, ուժի մեջ է», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Մալաքյան եղբայրների փաստաբան Գոռ Միքայելյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ Մալաքյանների համար շատերն են պատրաստ երաշխավորություն ներկայացնել։
«Հրապարակվել է նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտարարությունը, որը իրենից ներկայացնում է երաշխավորության պատրաստակամություն, այդ հարցն այս պահին քննարկման փուլում է, շատ հնարավոր է փորձենք երաշխավորության տարբերակով հասնենք Էդգար Մալաքյանի ազատությանը», - ասաց փաստաբանը։
Գոռ Միքայելյանն ասաց, որ դատարանի որոշումը դեռ չեն բողոքարկել։
«Բավականին ծավալուն բողոք է լինելու, մի օրվա գրելու բողոք չէ, բայց, միանշանակ, բողոքարկելու ենք», - ասաց Մալաքյան եղբայրների փաստաբանը։
Մալաքյաններին առաջադրված մեղադրանքի համաձայն` նրանք բռնություն են գործադրել ՃՈ աշխատակիցների նկատմամբ, կատարել խուլիգանություն, որի ընթացքում ծեծի են ենթարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի քննիչներին, այնուհետև ծեծել են օգնության ժամանած՝ ՃՈ աշխատակիցներին, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակիցներին:
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը դիմել է իրավասու պաշտոնատար անձանց՝ իր մտահոգությունը հայտնելով Էդգար և Գոռ Մալաքյան եղբայրների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ 2020 թվականի օգոստոսի 30-ին Երևանի կենտրոնում գրանցված միջադեպի կապակցությամբ:
Իր նամակում ՀՖՖ նախագահն ակնկալում էր դեպքի անաչառ քննություն և խնդրում է իրավասու պաշտոնատար անձանց քննարկել Մալաքյան եղբայրների նկատմամբ ազատությունից զրկելու հետ չկապված այլ խափանման միջոցների կիրառման հնարավորությունը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատասխանատու պաշտոնատար անձինք պատրաստակամություն էին հայտնել հանդես գալ նաև անձնական երաշխավորությամբ: