04/09/2020 11:43
Արցախում մինչև տարեվերջ նոր 3G-ի ծածկույթի տակ կլինեն ներհանրապետական գլխավոր ճանապարհները, Հայաստանին կապող միջպետական մայրուղիները
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանին:
Հարությունյանը հետաքրքրվել է ընկերության կողմից նոր ներդրումների ընթացքով՝ նշելով, որ կապի և տեխնոլոգիաների զարգացման գործում դրանք էական նշանակություն ունեն:
Արցախի Հանրապետության նախագահի խոսքով՝ հատկապես շարժական համացանցի արագության բարձրացումը, ինչպես նաև սակագների վերանայումը, մեծապես փոխելու են ոչ միայն հանրային տրամադրությունները, այլև իրենց դրական ազդեցությունն են թողնելու Արցախի ներդրումային դաշտի գրավչության վրա:
Կարեկին Օդաբաշյանը նշել է, որ, չնայած համավարակի պատճառով ներկրված նոր սարքավորումների տեղադրումը դանդաղել էր, բայց այս օրերին ընկերությունը ողջ ծավալով շարունակում է աշխատանքները: Գլխավոր տնօրենը տեղեկացրել է, որ բարձր արագությամբ 3G կապն արդեն իսկ հասանելի է մայրաքաղաքում և Շուշիում, առաջիկա օրերին էլ հասանելի կդառնա մնացած խոշոր բնակավայրերում: Իսկ մինչև տարեվերջ նոր 3G-ի ծածկույթի տակ կլինեն ներհանրապետական գլխավոր ճանապարհները, Հայաստանին կապող միջպետական մայրուղիները:
Մինչև 2022թ.-ը էականորեն նվազելու են մատուցվող ծառայությունների սակագները. արդեն հունվարի 1-ից կլինի առաջին շոշափելի վերանայումը:
Ըստ ընկերության գլխավոր տնօրենի՝ նոր տարուց գործելու են նաև նոր փաթեթներ, որոնք ավելի մատչելի պայմաններ են առաջարկելու բաժանորդներին: