04/09/2020 09:49
«Հրապարակ». Չի բացառվում՝ ԼՀԿ-ն Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու նախագիծ ներկայացնի
«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջողների ցանկն առաջիկայում կընդլայնվի, չի բացառվում, որ բողոքի ակցիաները «Արայիկ հեռացիր»-ից փոխվեն «Նիկոլ հեռացիր»-ի։ Տևական ժամանակ է՝ «Կամք» կազմակերպությունն է Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ցույցեր անում։ ՀՅԴ երիտթևն է պայքարում, նրանց միացել են նաև ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները:
ՀՅԴ-ականները դժգոհում են նախարարի վերջին օրենսդրական առաջարկից, որ բուհական ծրագրում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները դառնում են կամավոր, ոչ թե պարտադիր: Օրերս էլ Գագիկ Ծառուկյանը՝ Կոտայքի կուսակտիվի հետ հանդիպման ժամանակ, իր ելույթի առանցքում նախարարի նկատմամբ դժգոհություններն էր դրել։ «Մենք ստորագրություն էլ ենք հավաքելու, մեծ հանրահավաք էլ ենք կազմակերպելու: Ով չի ուզում, որ եկեղեցու դասընթացները հանվեն, սեռական դասընթացներ անցկացվեն, հայ գրականությունը, հայոց պատմությունը հանվի, «հայ» բառը հանվի, մենք դա չենք կարող թույլ տալ: Մեր երեխաները պետք է կրթվեն, դաստիարակվեն հայ գրականությամբ, հայ կրթությամբ», - ասել էր նա։
Տեղեկացանք նաև, որ չի բացառվում՝ սեպտեմբերի 14-ին մեկնարկելիք ԱԺ նստաշրջանում ԼՀԿ-ն էլ Հարությունյանին անվստահություն հայտնելու նախագիծ ներկայացնի։ Մինչ արձակուրդը ԼՀԿ-ն հարցեր է ուղղել ԿԳՄՍ նախարարին, որոնք մտահոգում են խմբակցությանը և առնչվում կրթության բարեփոխումներին: Հարցապնդման պատասխանը քննարկելու են առաջիկայում»։