04/09/2020 15:16
Մեզ ժամանակ տվեք, մեր նպատակը գոնե Ռուսաստանի հետ չվերթները բացելն է. Ալեն Սիմոնյանը՝ ցուցարարներին
Հոկտեմբերի 31-ին Վրաստանում համապետական ընտրություններ են, և մինչև այդ իրավիճակը չանցնի, սահմանը չեն բացելու: Հիմա ձեզ չեմ խաբելու և ասելու, որ Վրաստանը թույլ կտա իր տարածքով մեկնել Ռուսաստան, ՌԴ մեկնել ցանկացող ցուցարարների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
«Ռուսաստանն էլ ասում է՝ «իմ մոտ խնդիր է, համաճարակ է, եթե նույնիսկ Հայաստանից մարդ ընդունեմ, մյուսներին ի՞նչ եմ ասելու»: Չհավատաք, որ մեկը գա, ձեզ ասի, որ այս հարցը լուծելու է: Չեմ ուզում ձեզ խաբել: Մենք հիմա բանակցում ենք, փորձում ենք չվերթները վերականգնել», - ասաց Ալեն Սիմոնյանը:
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Հայաստանը չի կարող Ռուսաստանին պարտադրել, որ ռուսաստանաբնակ հայերին թույլ տա մուտք գործել իր տարածք:
«Հայաստանը, Ղազախստանը և մյուս երկրները Ռուսաստանին ստիպելու լծակներ չունեն: Մեզ ժամանակ տվեք, մեր նպատակը գոնե Ռուսաստանի հետ չվերթները բացելն է՝ ոչ միայն ձեր, այլև բոլորի համար: Թե չէ եկել, ինձնից Ռուսաստանի լծակ եք ուզում, ինձնից կախված չէ», - ասաց ԱԺ փոխնախագահը: