04/09/2020 20:55
Գերմանիայի բնակչուհուն կասկածում են հինգ երեխայի սպանության մեջ
Գերմանիայում ոստիկանները հինգ երեխայի մարմին են գտել Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի երկրամասի Զոլինգեն քաղաքի բնակարաններից մեկում, հայտնել է n-TV հեռուստաալիքը:
Երկրամասի ՆԳ նախարար Հերբերտ Ռոյլի խոսքով՝ երեխաների մարմինները հինգշաբթի ցերեկը գտել է տատիկը, որն ապրում Է ուրիշ քաղաքում:
Սպանվածների տան մոտ հավաքվել էին շտապ օգնության և ոստիկանության մեքենաներ, դեպքի վայրը շրջափակված է:
Ինչպես հայտնել է Ռոյլը, մահացած երեխաների 27-ամյա մայրը 11-ամյա որդու հետ փորձել է կյանքին վերջ տալ Դյուսելդորֆի կայարանում:
Կինը լուրջ վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց, տղան չի տուժել:
Ոստիկանության տվյալներով՝ մահացած եղբայրներն ու քույրերը եղել են մեկից մինչև ութ տարեկան: Ողջ մնացած տղան ուղարկվել է ազգականների մոտ:
Երեխաների սպանության գործում գլխավոր կասկածյալը նրանց մայրն է, որն ազգությամբ գերմանուհի է: Տեղի ունեցածի պատճառները դեռ չեն պարզվել: