04/09/2020 15:09
Եթե տների վարձը 100-ից 120 հազար դրամ է, ես 35 հազարով ո՞նց ապրեմ. ակցիայի մասնակից
ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներն այսօր հավաքվել են Ազգային ժողովի դիմաց՝ պատգամավորներին իրենց խնդիրը ներկայացնելու:
Ակցիայի մասնակիցները նշում են, որ հայտնվել են անելանելի իրավիճակում, եկել են ԱԺ՝ օգնություն ստանալու ակնկալիքով:
«Էստեղ ինչքան հավաքված կա, բոլորս նույն վիճակում ենք, տուն չունենք, եկել ենք կորոնավիրուսի պատճառով, չենք կարողանում հետ վերադառնալ, մեր ընտանիքները մնացել են Ռուսաստանում: Եկել ենք խնդրենք, ովքեր իրավասու են մեզ օգնել, օգնեն՝ հետ գնանք Ռուսաստան: Աշխատանքի չեն ընդունում, ես էլ 35 000 դրամ թոշակ եմ ստանում, եթե տների վարձը 100-120 հազար դրամա, ես 35 000 դրամով ո՞նց ապրեմ», - ասաց ակցիայի մասնակից քաղաքացին:
Քաղաքացիների հետ հանդիպման դուրս եկավ ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը՝ խոստանալով ԱԺ-ում բարձրաձայնել նրանց խնդիրը:
«Խնդիրը բանակցությունների միջոցով պետք է լուծվի: Էս հարցը մարդկանց համար դարձել ա արդեն «պրոբլեմ», մարդիկ զրկված են տնից, աշխատանքից հարազատներից: Ես ձեզ խոստանում եմ, նիստը վերսկսվելուն պես ԱԺ-ում կանդրադառնամ ձեր խնդրին», - ասաց նա:
Մասնակիցները պահանջեցին հանդիպում Ռուստամ Բադասյանի հետ, Էնֆիաջյանն էլ խոստացավ հանդիպում կազմակերպել կառավարության անդամներից մեկի հետ:
Հիշեցնենք, որ մասնակիցները երեկ ակցիա էին իրականացնում կառավարության, ԱԳՆ դիմաց: Նախարար Զոհրաբ Մնացականյանը նշել էր, որ դեռևս իրենց խնդրին լուծում չկա, ընթանում են բանակցություններ: