04/09/2020 17:31
Հայտնաբերվել են մեկ տասնյակի հասնող գերբեռնված տրանսպորտային միջոցներ
Այսօր ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի և Շիրակի մարզի տրանսպորտի անվտանգության մասնագետները խստացված ռեժիմով վերահսկողություն են կատարել մայրաքաղաքի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում և Շիրակի մարզի տարբեր համայնքներում։ Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից։
Մայրաքաղաքում շարունակվում է արձանագրվել հատկապես վերջին մի քանի շաբաթների պատկերը։ Խնդիրը հիմնականում ներքաղաքային և միջքաղաքային ավտոբուսներում և միկրոավտոբուսներում գերբեռնված ուղևորափոխադրում իրականացնելու դեպքերն են։ Այսօր հայտնաբերվել են մեկ տասնյակի հասնող գերբեռնված տրանսպորտային միջոցներ, որոնց հիմքով կազմվել են համապատասխան արձանագրություններ։
Գյումրի քաղաքում ՀՀ ոստիկանության կարգախմբերի հետ համատեղ իրականացված վերահսկողական գործառույթների ընթացքում մարդատար տաքսի ավտոմոբիլներում, միջմարզային, ներմարզային և ներքաղաքային կանոնավոր երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցներում խախտումներ չեն հայտնաբերվել։
Դիտարկման ընթացքում նկատված որոշ թերությունների համար տրանսպորտային միջոցների վարորդներին տեղում տրվել են պարտադիր շտկման և հետագայում թերությունների բացառման ցուցումներ։
Ե՛վ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում, և՛ մարզի տարբեր համայնքներում Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանման նպատակով իրականացվել բացատրական աշխատանքներ՝ անվտանգության կանոնները խստագույնս պահպանելու նպատակով:
ՔՏՀԱՏՄ-ն շարունակում է իրականացնել ակտիվ մշտադիտարկման և վերահսկողական աշխատանքներ ՀՀ ամբողջ տարածքում: