05/09/2020 13:49
Կրթական ոլորտում սահմանափակումները հետք են թողնելու երեխայի անձի ձևավորման վրա. Կարինե Նալչաջյան
Աշակերտները նորից դպրոց կգնան նախկինի պես, բայց ոչ նախկին պայմաններով: Հոգեբանական ի՞նչ հնարավոր ազդեցություն կարող են ունենալ համավարակով պայմանավորված սահմանափակումներն ու անսովոր պայմանները սովորողների, հատկապես՝ տարրական դասարանի երեխաների վրա:
«Դրանք անպայման իրենց հետքն են թողնելու երեխայի անձի ձևավորման, հաղորդակցության վրա», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանն՝ ընդգծելով նախքան այս էլ արդեն գոյություն ունեցող խնդիրները՝ հեռախոսների ու համակարգիչների լայն տարածվածությունից մինչև բակային խաղերի վերացում:
Նրա խոսքով՝ երեխաներն արդեն իսկ սոցիալական որոշակի խնդիրներ ունեին: Եղածը բավական չէր, հիմա էլ՝ նոր փոփոխությունները՝ դասամիջոցներից մինչև դիմակներ:
«Գիտե՞ք՝ որքան ուզենանք երեխայի ենթագիտակցության մեջ մտցնել, որ դիմակն իրեն պաշտպանում է, միաժամանակ մենք վախ ենք մտցնում երեխայի մեջ, վախ աշխարհի նկատմամբ: Պատկերացրեք՝ աշխարհից թշնամական, վնասող ազդակներ են գալու, և այդ դիմակն իրեն պետք է պաշտպանի: Երեխան արդեն աշխարհի նկատմամբ կասկածամտորեն, տագնապի զգացումով է մեծանալու», - նկատում է մասնագետը:
Եթե այս ամենին այլընտրանք չկա՝ ինչպե՞ս անել, որ իրավիճակը հնարավորինս սահուն ընթանա՝ առանց հոգեբանական դրսևորումների: Ի պատասխան՝ հոգեբանն ասում է.
«Եթե սա լիներ ժամանակավոր, կարելի էր ելք գտնել, թեկուզ հեռավարի վրա կենտրոնանալ: Բայց ծայրը չի երևում: Ես չգիտեմ, կոնկրետ բաներ չեմ կարող առաջարկել, գոնե սահմանափակումները մի քիչ խելամիտ դարձնեն»:
Նալչաջյանը նկատում է, որ մեր զգայարանները փոխներգործության մեջ են, եթե մեկը վատ է աշխատում՝ մյուսների վրա չի կարող չանդրադառնալ: Դիմակի պարագայում, օրինակ, հոտառական զգայարանը լիարժեք չի աշխատում: Հոգեբանը փաստում է՝ մտածողությունը թուլանում է:
Հեռավար դասերի ժամանակ տանը՝ մայրիկի հետ դպրոց «գնացած» ցածր դասարանցիների համար հոգեբանական խնդիրների պատճառ կարող է դառնալ նաև տնից դուրս՝ առանց մայրիկի դասի գնալու հանգամանքը: Միայն թե, ըստ Կարինե Նալչաջյանի, այդ խնդիրը միշտ էլ եղել է: Հոգեբանության մեջ «առաջին դասարանի ճգնաժամ» ասվածը գոյություն ունի: