05/09/2020 13:20
Հայաստանը Եվրոպայում առաջատարն է 100 000 բնակչի հաշվով կորոնավիրուսով վարակման դեպքերի ցուցանիշով, իսկ Վրաստանն արձանագրել է լավագույն ցուցանիշը (Statista.com)
Ամբողջ աշխարհում, ինչպես նաև առանձին աշխարհամասերում, կորոնավիրուսային վարակի շուրջ զարգացումների վիճակագրական տվյալներին հետևող statista.com կայքի տվյալներով՝ Հայաստանը սեպտեմբերի 3-ի դրությամբ 100 000 բնակչի հաշվով գրանցել է կորոնավիրուսով վարակման դեպքերի Եվրոպայում ամենաբարձր ցուցանիշը: Այս մասին գրում է Tert.am-ը:
Ըստ կայքի ներկայացրած աղյուսակի՝ 100 000 բնակչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 1,490.16:
Հայաստանին 1,098.72 ցուցանիշով հաջորդում է Լյուքսեմբուրգը: Եռյակը, 1,021 ցուցանիշով, եզրափակում է Իսպանիան:
Տարածաշրջանային պետություններից Ադրբեջանում 100 000 բնակչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը կազմել է 365.58, Թուրքիայի դեպքում՝ 333.28, Վրաստանի դեպքում՝ 38.73: Ի դեպ, Վրաստանն ամբողջ ցանկում արձնագրել է լավագույն ցուցանիշը:
Ընդհանուր առմամբ, Եվրոպայի տարածքում համավարակից առավել շատ տուժած երկիր է համարվում Ռուսաստանը, որտեղ 100 000 բնակչի հաշվով գրանցվել է կորոնավիրուսով վարակման 689, իսկ ընդհանուր՝ ավելի քան մեկ միլիոն դեպք:
Հունվարի 25-ից մինչ սեպտեմբերի 3-ն ամբողջ Եվրոպայի տարածքում գրանցվել է վարակման 4 015 912 դեպք: