07/09/2020 11:05
Ջոնսոնը նշել է ԵՄ-ի հետ Brexit-ի շուրջ առևտրային գործարքի կնքման վերջնաժամկետը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կարծում է, որ երկիրն ու ԵՄ-ն Brexit-ի առևտրային գործարքի շուրջ համաձայնության կարող են գալ մինչև հոկտեմբերի 15-ը, հակառակ դեպքում համաձայնագիրը չի կնքվի:
«Եթե մենք մինչ այդ չկարողանանք պայմանավորվածություն ձեռք բերել, ապա ես չեմ կարծում, որ մեր միջև կլինի ազատ առևտրի համաձայնագիր, և մենք պետք է ընդունենք դա և առաջ շարժվենք», - ասվում է Ջոնսոնի հաղորդագրության մեջ, որը հրապարակել է նրա գրասենյակը:
Վարչապետի կարծիքով, եթե գործարքի շուրջ համաձայնություն ձեռք չբերվի, ապա ԵՄ-ի հետ Մեծ Բրիտանիայի առևտրային հարաբերությունները կշարունակվեն՝ ԵՄ-ի և Ավստրալիայի միջև գործող համաձայնագրի տեսակին համապատասխան:
«Մենք լիարժեք վերահսկողություն կունենանք սեփական օրենքների և կանոնների և մեր ձկնորսական ջրերի վրա», - նշել է նա:
Միաժամանակ, Բրիտանիան չի հրաժարվում ԵՄ-ի հետ համագործակցության քննարկումը շարունակել նաև բանակցությունների ձախողումից հետո:
«Մեր դռները երբեք չեն փակվի, և մենք առևտրով կզբաղվենք որպես ընկերներ և գործընկերներ, բայց՝ առանց ազատ առևտրի համաձայնագրի», - բացատրել է վարչապետը:
Brexit-ից հետո անցումային շրջանը Մեծ Բրիտանիայի համար սկսվել է 2020 թվականի հունվարի 31-ին և կշարունակվի մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը: