07/09/2020 11:31
Եվրոպայում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների 97 տոկոսը մերժվում է. Արմեն Ղազարյան
Եվրոպայում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների 97 տոկոսը մերժվում է, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:
Նրա խոսքով՝ դեպքերի մեծ մասում պարզվում է, որ ՀՀ քաղաքացիները սեփական երկրում քաղաքական հետապնդման չեն ենթարկվում, ինչն էլ հիմք է հանդիսանում՝ դիմումները մերժելու:
Ինչ վերաբերում է բուժումը եվրոպական երկրներում կիսատ թողած և հետ վերադարձված ՀՀ քաղաքացիներին, ապա, բանախոսի հավաստմամբ, շատ դեպքերում վերջիններիս հոսպիտալացումը կատարվում է հենց օդանավակայանից:
Նշենք, որ հանձնաժողովի նիստի ավարտին քվեարկության դրվեցին Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության, Բենիլյուքսի երկրների և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագիրը կիրարկող արձանագրությունը վավերացնելու մասին որոշումները: Բոլոր երեք որոշումները միաձայն ընդունվեցին: