07/09/2020 18:09
ԼՀԿ պատգամավորները «Լիդիան Արմենիա» ընկերությանը պատասխանատվության կկանչեն
«Լիդիան Արմենիա» ընկերությունը տեսանյութ էր հրապարակել, նշելով, թե սեպտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերն Ամուլսարի ճանապարհները փակող հանցավոր խմբավորումը, մոտ 10 հոգով, հավանաբար ոչ սթափ վիճակում, ներխուժել է Ամուլսարի տարածք՝ հայհոյելով և քարերով հարձակում գործելով «Լիդիանի» պահնորդական ծառայության վրա։
Ավելի ուշ ընկերությունը մեկ այլ տեսանյութ հրապարակեց՝ նշելով.
«Նախորդ օրն այս խմբավորման անդամներին այցելել են ԼՀԿ պատգամավորները։ Հայտնի չէ, թե ինչ են խոստացել ապօրինություն իրականացնող խմբավորման անդամներին ԱԺ պատգամավորները, բայց հենց նույն գիշերն այս խմբավորումը հարձակում է գործել»։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը, ով երևում է այդ տեսանյութում, ասաց հետևյալը.
«Վերջապես տեսանք «Լիդիանի» իրական դեմքը, որովհետև երկար ժամանակ «Լիդիանը» ներկայացնում էր, որ օրինապահ, միջազգային համբավ ունեցող կազմակերպություն է։ Փաստորեն, մենք գործ ունենք սուտ խոսող, սադրանքների գնացող ինչ-որ մի էժանագին կազմակերության հետ, որն իր պահնորդական կազմակերպության սադրիչ, բռնի գործողություններում փորձում է մեղադրել ոչ միայն քաղաքացիներին, այլև Ազգային ժողովի պատգամավորներին, որ դա կազմակերպել և հրահրել են»։
Գորգիսյանի խոսքով՝ իրենց ապօրինի են նկարահանել։
«Դրա ո՛չ իրավունքն ունեին, ո՛չ մեր թույլտվությունը։ Այդ տեսանյութերը հիմա անհասկանալի վերնագրերով օգտագործում են»։
Պատգամավորն ասաց, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հետ հետ Ջերմուկ էին գնացել այլ հանդիպումների համար։
«Բայց, ինչպես միշտ, այնտեղ գնալիս հանդիպել ենք տղաներին և մեր աջակցությունը հայտնել նրանց, որովհետև նրանց պայքարն իրոք արդար է։ Ես բազմիցս նշել եմ՝ երբ նրանք մեր կարիքը զգան, մենք լինելու ենք նրանց կողքին»։
Հարցին՝ ի՞նչ են պատրաստվում անել, Գևորգ Գորգիսյանը պատասխաեց.
«Դեռ չենք քննարկել մեր անելիքները, բայց ես պնդում եմ, որ մեր երկրում որևէ ապօրինություն, որևէ սուտ չպետք է անպատիժ մնա, և մենք որևէ քայլ անպայման կձեռնարկենք՝ «Լիդիանին» համապատասխան պատասխանատվության կանչելու»։
Գորգիսյանը Ջերմուկ այցելող քաղաքացիներին կոչ արեց մի պահ կանգնել և հարցնել Ամուլսարը պաշտպանող տղաների որպիսությունը։
«Միայն նրանց շնորհիվ է, որ բոլորս դեռ ի վիճակի ենք վայելել Ջերմուկի օդն ու ջուրը»։