08/09/2020 13:05
Ես կոնկրետ գործով անելիք չունեմ. Բադասյանը՝ Մարտի 1-ի գործի և զոհերի իրավահաջորդների բողոքի մասին
«Կարծում եմ՝ ճիշտ չէ կոնկրետ գործի քննությունը կապել դատաիրավական բարեփոխումների ամբողջական ընթացքի հետ», - լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների և նրանց ներկայացուցիչների հայտարարությանը:
Հիշեցնենք, որ հայտարարության համաձայն՝ նրանք դադարեցնում են իրենց ֆիզիկական մասնակցությունը դատական նիստերին՝ դժգոհելով դատավարության ընթացքից և գործընթացի ձգձգումից, համարելով այն «անբովանդակ ֆարս»:
Մարտի 1-ի գործի մասով նախարարն ասաց, որ մեկնաբանություն չի կարող անել: Իսկ թե հետևություն անելու խնդիր տեսնու՞մ է՝ պատասխանեց, որ հայտարարությանն ամբողջությամբ ծանոթ չէ: Բայց նկատեց, որ առանձին դեպքերում տեսնում է դատական գործերը ձգձգելու միտումներ:
«Արդարադատությունից խուսափելու որոշակի երևույթներ տեսնում եմ՝ դատավորն այս գործը չի ուզում քննի, կամ՝ ինքնաբացարկ է հայտնում, երբ դրա հիմքերը չկան, և այլն: Բոլոր խնդիրները տարիներ շարունակ կուտակված են», - ասաց Բադասյանը:
Դիտարկմանը, թե Մարտի 1-ի գործով զոհերի ներկայացուցիչներն ու իրավահաջորդները դժգոհում են ձգձգումներից՝ նախարարը պատասխանեց.
«Ես կոնկրետ գործով անելիք չունեմ: Ես արդարադատության նախարարն եմ, ով արդարադատության ոլորտում քաղաքականություն է մշակում»: