08/09/2020 15:01
Ինձ մոտ տպավորություն է, որ մենք տարբեր տեղեր ենք իրավաբանություն սովորել. Արամ Օրբելյանը՝ դատախազին (տեսանյութ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։
Դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի միջնորդությունը։ Հայկ Ալումյանը, հիշեցնենք, միջնորդություն էր ներկայացրել՝ որպես տուժող դատակոչված 102 անձանց որպես տուժող դատակոչի ցուցակից հեռացնելու և նրանց այս գործով որպես վկա ներառելու մասին։
Դատավոր Անա Դանիբեկյանը հայտարարեց, թե միջնորդությունը հիմնավորված չէ, տուժողներն ու տուժողների իրավահաջորդները կշարունակեն մասնակցել սույն քրեական գործին։
Հայկ Ալումյանն էլ ընդգծեց՝ դատարանի որոշումը հագեցած էր իրավական տերմինաբանությամբ, բայց զուրկ էր իրավական բովանդակությունից։ Դատարանի որոշման դեմ առարկեց նաև Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։
Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն էլ հայտարարեց՝ քրեական դատավարության օրենսգիրքը դատավարության մասնակիցներին հնարավորություն է տալիս առարկել դատավարական գործողությունների դեմ։
«Հիմա քրեական դատավարության օրենսգիրքը թույլ չի տալիս, որ դատարանում առարակություններ հնչեցվեն կայացված որոշումների վերաբերյալ», - ասաց դատախազը՝ դատարանին կոչ անելով թույլ չտալ կողմերին առարկություն ներկայացնել կայացված որոշումների վերաբերյալ։
Քոչարյանի մյուս պաշտպան Արամ Օրբելյանն էլ, անդրադառնալով դատախազի հայտարարությանը, ասաց, թե իր մոտ տպավորություն է, որ ինքն ու դատախազը տարբեր տեղեր են իրավաբանություն սովորել։
Նշենք, որ այսօրվա դատական նիստին տուժողներն ու նրանց ներկայացուցիչները չեն ներկայացել։
Երեկ Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը հայտարարել է, թե իրավապահ մարմինների կողմից սաբոտաժ և հակազդեցություն են նկատել, որը ի վնաս Մարտի 1-ի գործի բացահայտմանն է ուղղված։
«Մենք դադարեցնում ենք մեր ֆիզիկական մասնակցությունն այս անբովանդակ միջոցառմանը»,-ասել է Եգորյանը։
Նշենք, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, ով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որոնք մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, նաև՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն, ով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: