08/09/2020 18:20
«Թող երաժշտությունը լինի պատասխանն այն ռազմական ոտնձգություններին և անարդարությանը, որոնք իրականացնում են չարի ավերիչ ուժերը». «Երևանյան հեռանկարներ»-ը՝ հերոսական Տավուշում
Հիասքանչ բնություն, հատընտիր ծրագիր՝ Կոմիտաս, Արամ Խաչատրյան, Արմեն Տիգրանյան, Չայկովսկի, աթոռներին ու խոտերին նստած շնորհակալ Բերդ համայնքի բնակիչներ, որոնց համար և կազմակերպվել էր «Թիկունքը՝ մշակույթ» խորագրով համերգը սահմանամերձ Բերդ քաղաքի «Սորաններ» դենդրոպարկում:
Կազմակերպիչը՝ Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոնն էր, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը հավատարիմ մնալով հիմնադրման առաքելությանն ու տեսլականին, շարունակում է ներկայացնել համաշխարհային երաժշտարվեստի ամենահեղինակավոր անուններին և Հայաստանը սիրելի դարձնել լեգենդար նվագախմբերի և երաժիշտների համար:
Փառատոնն իր գործունեությամբ համատեղեց մշակույթն ու քաղաքականությունը՝ օգտագործելով արվեստի «Փափուկ ուժը»՝ որպես երկրի կարևորագույն զենքերից մեկը: Մշակութային դիվանագիտության ամենավառ դրսևորումնհերից էին հայկական դրոշի ներքո փառատոնի կազմակերպած համերգները աշխարհի մեգակենտրոններում և ամենահեղինակավոր համերգասրահներում. Նյու Յորքի Քարնեգի հոլ, Լոնդոնի Կադոգան, Հռոմի Սանտա Չեչիլիա համերգասրահ, Երուսաղեմի օպերային թատրոն, Բրյուսելի Բոզար, Տալինի Սուրբ Հովհաննես Տաճար և Վիեննայի Մուզիքֆերայնի Ոսկե Դահլիճ:
Համերգին ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ու փոխնախարար Արա Խզմալյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
Վարչապետն իր խոսքում նշեց, որ սա աննախադեպ համերգ է:
«Սահմանամերձ Բերդ համայնքում չի հիշվում, թե վերջին անգամ երբ է եղել դասական երաժշտության համերգ: Մենք ուզում ենք, որ անընդհատ լինեն այսպիսի համերգներ, ընդ որում ուզում ենք, որ այսպիսի համերգներ լինեն ոչ միայն հրավիրատոմսերով: Մենք ուզում ենք, որ Բերդում և այլ համայնքներում լինեն տոմսարկղներ և մարդիկ հերթ կանգնեն՝ ունենալով այդ վճարունակությունը, և վճարեն համերգներին ներկա գտնվելու համար: Այս համերգով մենք ձևակերպում ենք մեր երկրի, մեր հայրենիքի, մեր մարզի, մեր սահմանամերձ համայնքի ապրելակերպի ռազմավարական տեսլականը», - շեշտեց Ն. Փաշինյանը:
Տպավորիչ այս համերգի կապակցությամբ ուղերձ էր հղել նաև աշխաչհահռչակ դաշնակահար, Հայաստանի և փառատոնի մեծ բարեկամ Եվգենի Կիսինը:
«Սիրելի բարեկամներ, թող երաժշտությունը լինի պատասխանն այն ռազմական ոտնձգություններին և անարդարությանը, որոնք իրականացնում են չարի ավերիչ ուժերը: Բարձրագույն արվեստի մեջ են հիասքանչ Հայաստանի և նրա խաղաղասեր ու հաղթանակած ժողովրդի ուժն ու ապագան», - նշված էր ուղերձում: