08/09/2020 13:18
Սաակաշվիլին հայտարարել է, որ կմեկնի Վրաստան «այն դեպքում, երբ դա չի հանգեցնի առճակատման և անկարգությունների»
Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ինքը պատրաստ է դառնալ Վրաստանի վարչապետ, բայց սահմանափակ ժամկետով՝ ընդամենը երկու տարով: Նա նաև ընդգծել է, որ Վրաստան կժամանի միայն այն դեպքում, եթե դա երկրում «առճակատում և անկարգություն» չառաջացնի:
Ուկրաինայում գտնվող Վրաստանի նախկին նախագահը տեսանյութ է տարածել, որում բացատրել է, թե ինչպես է տեսնում իր մասնակցությունը Վրաստանի քաղաքական կյանքում, եթե ընդդիմությունը հաղթի հոկտեմբերի 31-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում, գրում է «Նովոստի-Գրուզիան»:
««Ազգային շարժում» կուսակցությունը և մի շարք այլ մարդիկ ինձ խնդրել են դառնալ կառավարության ղեկավար, Վրաստանի վարչապետ: Ես շատ եմ մտածում այդ մասին և ուզում եմ ասել, որ ես պատրաստ եմ ստանձնել այս գործառույթը, բայց ոչ թե իշխանության գալու կամ իշխանությունը կարոտելու համար... ուզում եմ ասել, որ ես չեմ լինելու վարչապետ ամբողջ ժամկետով, այլ առավելագույնը երկու տարի, քանի որ այս երկու տարիները բավական կլինեն երկիրը ճահճից դուրս հանելու և արագ առաջ շարժվելու համար: Եվ ես դրանում համոզված եմ:
Ես պատրաստ եմ դա ինձ վրա վերցնել և աշխատել 24 ժամ, շաբաթը յոթ օր, և գիտեք, որ ունակ եմ դրան, որպեսզի բոլորս՝ տարբեր հայացքների տեր մարդիկ, կարողանանք փրկել մեր երկիրը շատ լայն ճակատով:
Շատերն ինձ հարցնում են, թե երբ եմ գալու Վրաստան: Ես գալու եմ այնպիսի պայմաններում, երբ դա որևէ ձևով առճակատում և անկարգություններ չառաջացնի: Քանի որ շատ կարևոր է, որ ամեն ինչ խաղաղ լինի, քանի որ ժամանակին ես խաղաղությամբ փոխանցեցի իշխանությունը, և իսկապես չեմ պատրաստվում իշխանության գալ անկարգությունների միջոցով:
Բայց մենք բոլորս համաձայն ենք այն մոտեցմանը, որ Վրաստանը պետք է փրկել: Այդ պատճառով ես չեմ փախչում պատասխանատվությունից, և մենք հաստատ ոտքի վրա ենք դնելու մեր սիրելի հայրենիքը՝ Վրաստանը», - ասել է Սաակաշվիլին: