08/09/2020 16:05
Ճապոնիան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի գնումների համար 6,3 մլրդ դոլար կհատկացնի
Ճապոնիայի կառավարությունը երեքշաբթի հավանություն է տվել 671,4 միլիարդ իենի (6,3 միլիարդ դոլարի) հատկացմանը նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի գնման համար: Այդ մասին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան:
«Այդ միջոցները՝ 671,4 միլիարդ իենի չափով, նախատեսված են առաջին հերթին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի գնումների համար: Մենք արդեն համապատասխան նախնական պարտավորագրեր ենք կնքել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ընկերությունների հետ», - ասել է նա:
Գումարը տրամադրվելու է լրացուցիչ բյուջեից, որը կառավարությունը հաստատել է տնտեսության օժանդակման և կորոնավիրուսի դեմ պայքարի համար:
Ճապոնիան արդեն պարտավորագրեր է ստորագրել «AstraZeneca» բրիտանա-շվեդական դեղագործական ընկերության և ամերիկյան «Pfizer»-ի հետ դրանց 120 միլիոն դեղաչափ փորձարարական պատվաստանյութերի գնման համար: