08/09/2020 11:33
Վերջին ճգնաժամով պայմանավորված՝ ավանդի աճի տեմպը որոշակի դանդաղել է, իսկ վարկերը շարունակել են աճել. ԿԲ նախագահ
Մեր ֆինանսական համակարգը կարող ենք բնութագրել կայուն և դինամիկ աճող, լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«Որպես տնտեսական հատվածի սուբյեկտներ, ֆինանսական կազմակերպությունները ևս անմասն չեն մնացել համավարակի անբարենպաստ ազդեցությունից, ինչը, սակայն, չի խաթարել ֆինանսական ծառայությունների մատուցման բնականոն ընթացքը», - ասաց ԿԲ նախագահը։
Նրա խոսքով՝ ֆինանսական կազմակերպությունների կապիտալի և իրացվելիության մակարդակն այս պահի դրությամբ բավարար նախադրյալներ է ստեղծում ճգնաժամին դիմագրավելու համար։
ԿԲ նախագահն ասաց, որ ՀՀ-ում ավանդները մշտապես սինքրոն բարձրացել են վարկերին զուգընթաց։
«Վերջին ճգնաժամով պայմանավորված՝ ավանդի աճի տեմպը որոշակի դանդաղել է, իսկ վարկերը շարունակել են աճել։ Մի մտավախություն ունենք, որ եթե եկամուտները չվերականգնվեն և այս առողջապահական իրավիճակն ավելի երկար տևի քան մենք ակնկալում ենք, հնարավոր է՝ վարկերը ևս աճի տեմպի դանդաղում ունենան», - հայտարարեց ԿԲ նախագահը։