08/09/2020 18:30
Երկուսս էլ փոքր չենք, «մանկապարտեզ խաղալու» ժամանակ էլ չկա. երգիչ Դավիթ Ռեյը՝ նոր տեսահոլովակների և ընտանիք կազմելու մասին
Երգիչ Դավիթ Ղազարյանը (Դավիթ Ռեյ), ով հանրությանն առավել ճանաչելի դարձավ «The voice 4» նախագծից ու իր «Չափ չկա» տեսահոլովակով, ներկայումս երկու նոր երգ ու տեսահոլովակ է պատրաստում: Մեկը երկրպագուների դատին կհանձնվի այս ամսվա ընթացքում, մյուսը՝ հոկտեմբեր կամ նոյեմբեր ամսին:
«Առաջինն իմ դեբյուտային՝ «Չափ չկա» երգի շարունակությունն է լինելու, հավանաբար կկոչվի «Չափ չկա 2»: Կրկին աշխույժ երգ է, այս անգամ՝ դրական մոտիվներով, առանց բաժանման: Տեսահոլովակը Ֆրանսիայում ենք նկարել՝ մի քանի ամիս առաջ: Այս երգի հիման վրա նկարահանվող տեսահոլովակի ռեժիսորը ես եմ:
Երկրորդ երգը հանգիստ ռիթմի մեջ, սիրային երգ է, «Արցախի ձայներ» նախագծից Ալեքսն է գրել: Կոչվում է «Մեկ ա»: Այս տեսահոլովակը ևս ուզում եմ իմ երևակայությամբ նկարեմ, տեսնենք՝ ինչ կստացվի», - Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց Դավիթը:
Երգիչը նկատում է՝ կորոնավիրուսն ու դրանով պայմանավորված սահմանափակումներն իր ձեռքն ու ոտքը «կապել» էին, բայց կյանքն արդեն հունի մեջ է ընկնում: Աշխատում է մի քանի ռեստորանային համալիրներում:
«Մի ժամանակ ակումբներում էլ էի աշխատում, բայց դուրս եկա: Նախ, Հայաստանում ակումբային մթնոլորտն է փոխվել, և հետո՝ փոփոխություն էի ուզում, հոգնել էի: Գիտեք, վերջին ամիսների իրադարձությունները մեզ ինչ-որ տեղ կոտրեցին, ուժասպառ արեցին, բայց ուշադրություն չեմ դարձրել: Աստված տա, ամեն ինչ շուտ հանդարտվի, մարման գնա, հիվանդություններ ու մահեր չլինեն: Առանց այդ էլ՝ մենք մի բուռ ժողովուրդ ենք, թող առողջ լինենք, ու թշնամանքն էլ մեր մեջից վերանա: Եթե բոլորը բարի լինեն, մեկս մեկի հանդեպ սիրալիր, համբերատար ու ներողամիտ լինենք, այս ազգը կծլի, կծաղկի, կզորանա», - ընդգծեց նա::
Ի դեպ, նորություն կա նաև Դավիթի անձնական կյանքում: 33-ամյա երգիչը նկատում է՝ արդեն ժամանակն է, որ մտածի ընտանիք, երեխաներ ունենալու մասին:
«Ընտրյալ ունեմ, բայց դեռ նոր ենք շփվում, հուսով եմ՝ մեր կյանքում ամեն ինչ հարթ կընթանա, կհասկանանք, որ իրար համար ենք: Ես բնավորությամբ հավասարակշռված եմ ու չեմ ցանկանա անկայուն հարաբերություններ ունենալ, այսօր միանալ, երկու ամիս անց՝ բաժանվել: Եթե ընտանիք կազմենք, ապա այն պետք է, այսպես ասած, հուր-հավիտյան լինի: Նինելը մասնագիտությամբ դերասանուհի է, նկարահանվել է մի քանի սիթքոմներում, հիմա էլ սերիալում է պատրաստվում նկարահանվել: Նաև, շատ լավ նկարում է: Կարծում եմ՝ մեր հարաբերություններին ոչինչ չի խանգարի, հատկապես՝ երկուսս էլ փոքր չենք, «մանկապարտեզ խաղալու» ժամանակ էլ չկա», - շեշտեց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով բեմական՝ Ռեյ անվանը, երգիչը ժպիտով նշեց՝ ամեն ինչ սկսվեց Մոսկվայից:
«Մինչև վերջին տարիները ես Մոսկվայում էի բնակվում: Այնտեղ «Рай» ակումբում էի աշխատում: Որպեսզի իմ մասին խոսելիս հեշտ հասկանան՝ խոսքը որ Դավիթի մասին է, ասում էին՝ «Рай»-ի Դավիթի: Ես էլ որոշեցի դա կեղծանուն սարքել, որպեսզի երկար-բարակ նկարագրելու ու բացատրելու կարիք չլինի: Բայց քանի որ «Дейвид Рай»-ը (Դեյվիդ դրախտ-հեղ.) ծիծաղելի կհնչեր, նախընտրեցի լինել «Дейвид Рей», - զրույցը եզրափակեց երգիչը: