08/09/2020 10:02
«Հրապարակ». Ի վերջո, «աղքատությունը մարդկանց գլխո՞ւմ» է, թե՞ գրպաններում
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ, եղել է սահմանամերձ գյուղերում, ապա Բերդում մասնակցել է «Երևանյան հեռանկարներ» երաժշտական փառատոնի բացմանը։ Նա իր ելույթներում խոսել է մարզում ասֆալտապատման աշխատանքների, բազմամարդ մի ընտանիքի համար տուն կառուցելու, գյուղերում տանիքները նորոգելու մասին։
Իսկ Չինարիում գրեթե կրկնել է մոտ մեկ տարի առաջ ասած այն միտքը, թե «աղքատությունը ձեր գլխում է»։ Նա ասել է. «Մենք մեր խեղճությունը պետք է հաղթահարենք: Ու սա է այսօրվա ամենակարևոր իմաստը: Որովհետև հաղթած ժողովուրդը պետք է ինքն իր ներսում սկսի ապրել որպես հաղթանակած: Դա սեղանի պարունակության հետ կապ չունի, դա գրպանի պարունակության հետ կապ չունի: Դա, առաջին հերթին, հոգեվիճակն է: Այդ հոգեվիճակը որ գալիս է, մնացածը հերթով կկարգավորվի»»։