08/09/2020 15:15
Նշան Ալավերդյանը՝ Մոսկվայի 873-ամյակին նվիրված շաշկու մրցաշարի հաղթող
Սեպտեմբերի 1-6 տեղի ունեցավ Մոսկվայի հիմնադրման 873-ամյակին նվիրված ռուսական շաշկու մրցաշարի «Moscow-873 draughts tournament»-ը:
Երևանում «Մոսկվայի տուն» մշակութային-գործարար կենտրոնի, Երևանի քաղաքապետարանի և շաշկու ՀՀ ֆեդերացիայի համատեղ ջանքերով առաջին անգամ անցկացվեց 3 փուլերից բաղկացած ռուսական շաշկու մրցաշար:
Սեպտեմբերի 1-ին և 4-ին կայացած նախնական՝ 1-ին և 2-րդ փուլերն ընթացան առցանց տարբերակով՝ playok.com հարթակում, իսկ 3-րդ փուլը տեղի ունեցավ կենդանի մրցակցությամբ: Միմյանց հետ մրցեցին 11 ուժեղագույն շաշկիստները շրժանաձև մրցակարգով 10 տուրով 3+2 ժամանակակարգով բաղկացած 2 պարտիաներից, սկզբնական դիրքերի վիճակահանությամբ:
Ինչպես 1-ին և 2-րդ փուլերոմ, այնպես էլ եզրափակիչում հաղթող ճանաչվեց Հայաստանի բազմակի չեմպիոն, Ֆեդերացիայի փոխնախագահ Նշան Ալավերդյանը, վաստակելով 9,5 միավոր 10 հնարավորից: 1-ին փուլում նա վաստակել էր 6 միավոր 7 հնարավորից, իսկ 2-րդ փուլում՝ 6,5:
Արծաթե մեդալը նվաճեց Հայաստանի շաշկու հավաքականի մեկ այլ խաղացող Սամվել Ազիբեկյանը, ով այս տարի դարձել էր 100 վանդականոց շաշկու Եվրոպայի պատանիների Մ-27 չեմպիոն (առցանց), իսկ բրոնզե մեդալը բաժին հասավ Միքայել Քալաշյանին, ով վաստակեց 7 միավոր: Մրցանակակիրները պարգևատրվեցին գավաթներով և մեդալներով։
Մրցաշարի ընթացքին հետևում էին Երևանում «Մոսկվայի տուն» մշակութային-գործարար կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, տեղակալ Սվետլանա Սահակյանը: Մրցաշարը նկարահանում էր «ՄԻՐ» հեռուստաընկերությունը։ Անցկացման բարձր մակարդակը ոգևորեց կազմակերպիչներին և որոշվեց մրցաշարը դարձնել ավանդական և կազմակերպել ամեն տարի: