08/09/2020 21:56
Նման համերգների մասնակցելու համար ոչ թե ես եմ վճարում, այլ՝ ինձ են վճարում. Սիրուշո
Երգչուհի Սիրուշոն ֆեյսբուքի իր պաշտոնական էջում գրառում է կատարել՝ ափսոսանք հայտնելով որոշ օգտատերերի կողմից իր մասին, իր իսկ խոսքով՝ ուղղորդված գրառումներ անելու համար: Այս անգամ երգչուհին անդրադարձել է իր մասնակցությամբ համերգներին ու դրանց շուրջ ծավալվող խոսակցություններին:
«Օրեր առաջ եմ վերադարձել Լեհաստանից, որտեղ հրավիրված էի մասնակցելու ամենամյա եվրոպական փառատոնի, ու նկատել եմ, որ նման միջոցառումներից հետո հանդիպում եմ որոշ մեկնաբանությունների, որ իմ մասնակցության համար վճարել եմ կամ միջնորդություն է եղել:
Ցավալի է, ինչ խոսք, որ հաջողության հասնելու միակ ճանապարհը ոմանք միայն այդպես են պատկերացնում, ու հասկանում եմ, որ նման մեկնաբանությունների մի մասն էլ միտումնավոր ու ուղղորդված է արվում:
Իրականությունն այն է, որ նման համերգների մասնակցելու համար ոչ թե ես եմ վճարում, այլ ինձ են վճարում ու հոգում են բոլոր ծախսերը` իմ ու ինձ հետ ճամփորդած թիմի:
Երբեք ինձ թույլ չեմ տվել որևէ մեկին խնդրել կամ միջնորդել, որ որևէ տեսակ միջոցառման մասնակցեմ ու առիթը չեմ էլ ունեցել, որովհետև միշտ հրավերներ եմ ունեցել և ընտրողի կարգավիճակում ես եմ եղել` որ համերգին մասնակցել, որին` ոչ:
Նման միջոցառումներին Հայաստանի մասնակցությունը չափազանց հազվադեպ է լինում, և այն, որ տարբեր երկրներից ինձ հրավիրում և մեզ բարձր մակարդակի վրա ընդունում են, ինձ համար իմ գործունեության ամենակարևոր ձեռքբերումներից է, ու շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր քաջալերում են և հպարտանում, ովքեր չեն կորցրել լավը տեսնելու ու ասելու ունակությունը. դա մեզ համար շատ կարևոր է»,-գրել է Սիրուշոն: