08/09/2020 13:54
Կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութը քաղաքացիական շրջանառության մեջ է դրվել
COVID-19-ի դեմ «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի առաջին խմբաքանակը քաղաքացիական շրջանառության մեջ է դրվել, առաջիկայում մատակարարումներ են սպասվում տարածաշրջաններ, հայտնել է ՌԴ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
Գերատեսչությունից նշել են, որ պատվաստանյութն անցել է անհրաժեշտ բոլոր լաբորատոր փորձարկումները:
Օգոստոսին Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեյայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ:
Փորձարկումների ընթացքում պատվաստանյութը ձևավորել է կայուն հումորալ և բջջային իմունային արձագանք մասնակիցների հարյուր տոկոսի մոտ:
Միևնույն ժամանակ՝ պատվաստված կամավորների մոտ չեզոքացնող հակամարմինների մակարդակը 1,4-1,5 անգամ բարձր է եղել հիվանդ մարդկանց հակամարմինների մակարդակից: