08/09/2020 14:31
Խելամիտ որոշումների բացակայության դեպքում, պետք է ձեռնպահ մնանք երեխաներին դպրոց ուղարկել. Էդգար Ղազարյան
Սեպտեմբերի 15-ից հանրակրթական դպրոցներում մեկնարկելու է ուսումնական գործընթացը։ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը Facebook-ի իր էջում գրել է, որ համապատասխան կարգը նախնական քննարկում էլ չի անցել գործընթացի հիմնական շահառուների՝ ուսուցիչների, հոգեբանների, բժիշկների, ծնողների հետ։ Ավելին՝ իրեն հայտնի չէ այդ թեմայով որևէ հանրային քննարկում, որտեղ հնարավոր կլիներ լսել փորձառու մարդկանց կարծիքն ու տեսակետները, դիտարկել նոր իրավիճակում ուսումնական գործընթացի կազմակերպման տարբերակներ։
«Այդ ամենի հետևանքով սահմանվել է մի կարգ, որը գործնականում կիրառելիության տեսանկյունից առնվազն խիստ խնդրահարույց է և կարող է անտանելի վիճակ ստեղծել մեր երեխաների և ուսուցիչների համար», - կարծում է Ղազարյանը:
Նա ավելացրել է նաև. որ կրթության ոլորտի պատասխանատուներն արդեն իսկ հայտարարել են կարգում փոփոխությունների անհրաժեշտության մասին։
«Կարծում եմ, որ խելամիտ որոշումների չհանգելու դեպքում, մենք պետք է ձեռնպահ մնանք մեր երեխաներին սեպտեմբերի 15-ից դպրոց ուղարկել։ Մենք և մեր երեխաները ոչ մի մեղք չունենք, որ որոշումներ կայացնելու իրավասությունները հանգամանքների բերումով վերապահվել են գործից անտեղյակ, պատահական մարդկանց։ Ես ունեմ դպրոցահասակ երկու երեխա և չեմ պատրաստվում նրանց սեպտեմբերի 15-ին ուղարկել դպրոց՝ այդ անտանելի պայմաններում կիսատ-պռատ ուսումնական գործընթացին մասնակից դարձնելու և անտեղի անհարմարություններին դիմակայելու համար», - գրել է նա՝ կոչ անելով հանրային դժգոհության ընդհանուր քայլ կատարել և երեխաներին չուղարկել դպրոց այնքան ժամանակ, քանի դեռ չեն կայացվել խելամիտ և հանրության հետ քննարկումների արդյունքում կայացված որոշումներ։