08/09/2020 12:03
Արկածախնդրություն կլինի, եթե բանկերն, անընդհատ ծախսեր կրելով, չակնկալեն եկամտային հոսք. ԿԲ նախագահը՝ վարկային արձակուրդների մասին
Երբ խոսում ենք վարկային արձակուրդների մասին, հարցն այն է, թե կարո՞ղ են բանկերը շարունակաբար ու անընդհատ կրել ծախսեր՝ չակնկալելով եկամուտների հոսք, Կենտրոնական բանկում հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
«Մեր կարծիքով, սա մի քիչ արկածախնդրության է նման, որովհետև չենք կարող վտանգել ընդհանուր համակարգի կայունությունը։ Եթե համակարգի կայունությունը խաթարեցինք, կարող է ընդհանուր տնտեսությանը շատ լուրջ վտանգներ սպառնալ։ Այդ առումով, կարծում եմ, որ բանկերը բավական խելամիտ աշխատել են այդ երեք ամիսների ընթացքում, մոտ 550 հազար ֆիզիկական անձի վարկեր վերնայվել են, տրվել են արձակուրդ, մոտ 17 հազար էլ իրավաբանական անձի հետ է նույն բանակցությունը տեղի ունեցել։ 1.3 տրիլիոն դրամի ընդհանուր վարկային պարտավորություն է հետաձգվել, և բանկային համակարգ չի մտել մոտ 100 մլրդ դրամ, որ պետք է մտներ։ Եթե այդ պրոցեսը լինի անընդհատ ու շարունակական, կարծում եմ, որ մենք այդտեղ խնդիր կունենանք», - ասաց Մարտին Գալստյանը։