08/09/2020 15:44
Որքա՞ն ենք պարանը սեղմելու քաղաքացու վզին. ավագանու անդամը՝ փուչիկ ու գրիչ վաճառողներին հարկելու մասին
Այսօր Երևանի քաղաքապետարանում ավագանու նիստում չշրջանցվեց նաև փուչիկ, գրիչ ու անձեռոցիկ վաճառողների թեման: «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նկատեց.
«Մենք հիմա քննարկում ենք, օրինակ, զբոսայգում փուչիկ վաճառողի վերաբերյալ կարգավորումներ և առաջարկում ենք, որ նա որևէ կարգավիճակ ունենա, ենթադրենք՝ անհատ ձեռնարկատիրոջ և ՀԴՄ սարք ունենա: Որքան ես առնչվել եմ նրանց հետ, տպավորությունս այնպիսին է եղել, որ նրանք սոցիալապես ծանր պայմաններում են: Մի քանի հազար դրամով ձեռք են բերում այդ փուչիկները և իրացնում: Նախագծով մենք փուչիկ վաճառողին ասում ենք՝ գնա, գրանցվիր որպես իրավաբանական անձ, ձեռք բեր ՀԴՄ սարք և քո գործառույթներն իրականացրու այդ շրջանակում»:
«Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ նրանք գործարարներ չեն, օրվա 2 կոպեկ հացի փող են աշխատում։ Ես ուզում եմ հասկանալ՝ որքա՞ն ենք մենք պարանը սեղմելու քաղաքացու վզին», - հարց բարձրացրեց նաև «Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը։