09/09/2020 12:45
Եթե 3000 դրամանոց ապանքը դառնա 10 000 դրամ, ո՞վ կգնի. Ներմուծող
Նախկին պայմանների վերականգում. կառավարության մոտ բողոքող ներմուծողների պահանջն է:
2020 թվականի սեպտեմբերի 1-ից փոխվում են հագուստի մաքսազերծման մեթոդները։ Ներմուծվող հագուստն այսուհետ մաքսազերծվելու է բոլոր այլ ապրանքների մաքսազերծման ընթացակարգերով։ Այսինքն՝ այլևս չի լինելու կիլոգրամով մաքսազերծում, հաշիվ ապրանքագրում պետք է նշված լինի ապրանքի ստույգ քանակը, գինը, անվանումն ու մոդելը։ Ինֆորմացիայի թերի հայտարարագրումը կբերի վարչարարության կիրառման։
Ցուցարարներն ասում են՝ մի քանի օր առաջ են իմացել փոփոխության մասին:
«Ապրանքը նոր է մտել երկիր: Գնացել, տեսել ենք՝ գները բարձր են ու հրաժարվել ենք: Հիմա ապրանքը պահեստում է, չենք մաքսազերծել», - նշեց նրանցից մեկը՝ հավատացնելով, որ եթե նոր պայմանը չփոխեն, ապրանքը շատ է թանկանալու:
Ներմուծողների խոսքով՝ այս որոշման ժամանակը չէր:
«Միջին խավի մարդիկ գալիս են մատչելի ապրանք գնելու, 3000 կամ 3500 դրամանոց ապրանքի համար ասում են՝ զեղչ կանե՞ք: Պատկերացրեք՝ ինչ վիճակ է: Դուք հասկանո՞ւմ եք՝ սա ինչ է: Եթե 3000 դրամանոց ապրանքը դառնա 10 000 դրամ, ո՞վ պետք է գնի», - ասաց ցուցարարը:
Մեկ ուրիշն էլ ավելացրեց. «Եթե ԵԱՏՄ կարգավորումներով են անում՝ թող նույն տնտեսական գոտում հավասար պայմաններ ստեղծեն: Մոսկվայի բնակչի հետ ինչո՞ւ նույն պայմանում չեմ կարող լինել, եթե նույն տնտեսական գոտու մեջ եմ»: