10/09/2020 15:25
Բեյրութի նավահանգստում ուժեղ հրդեհ է բռնկվել (Տեսանյութ)
Բեյրութի նավահանգստում ուժեղ հրդեհ է բռնկվել: Նավահանգստից երեք կիլոմետր հեռավորության վրա նկատվում է խիտ սև ծխի սյուն, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը:
Լիբանանի Կարմիր խաչի գլխավոր տնօրենը OTV-ին հայտնել է, որ Բեյրութի վրայի խիտ սև ծուխը նավահանգստի բեկորների այրման հետևանք է:
Լիբանանյան մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հրդեհ է բռնկվել Duty Free-ի տարածքում գտնվող անգարներից մեկում:
Հրդեհը մեկուսացնելու համար դեպքի վայր են ժամանել հրշեջներն ու զինվորականները:
Օգոստոսի 4-ին Բեյրութ նավահանգստի մերձակայքում տեղի է ունեցել հզոր պայթյուն: Քանդվել կամ վնասվել են հարյուրավոր տներ և մեքենաներ, կոտրվել են ապակիներ Լիբանանի մայրաքաղաքի շատ թաղամասերում, որոշ շենքեր ամբողջությամբ ավերվել են:
Իշխանությունների խոսքով՝ պատճառը 2014-ին մաքսայինների կողմից առգրավված և պահեստում պահվող 2750 տոննա ամոնիումի նիտրատի պայթեցումն էր: 190 մարդ զոհվել էր, ավելի քան 6 հազարը՝ ստացել վնասվածքներ:
Լիբանանի մայրաքաղաքը ճանաչվել է աղետի գոտի. Քաղաքում արտակարգ դրություն է մտցվել մինչև սեպտեմբերի 19-ը: