10/09/2020 18:40
Մակրոն. Թուրքիան այլևս Արևելյան Միջերկրականում գործընկեր չէ
Թուրքիան այլևս Արևելյան Միջերկրականում գործընկեր չէ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն՝ ընդգծելով, որ Եվրոպայի ձայնն Անկարայի նկատմամբ պետք է լինի «ավելի միասնական և հստակ»:
«Պարզ է, որ Թուրքիան այլևս գործընկեր չէ այս տարածաշրջանում», - հայտարարել Է Մակրոնն Այաչոյում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ:
Ֆրանսիայի առաջնորդն ընդգծել է, որ «Թուրքիան համաձայնագիր է ստորագրել Լիբիայի ազգային համաձայնության կառավարության հետ, որը մերժում է Հունաստանի օրինական իրավունքները»:
Մակրոնը նաև նշել է, որ «հորատման թուրքական մեթորդները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում անընդունելի են»:
«Թուրքիան ավելացնում է սադրանքները, որոնք վայել չեն մեծ պետությանը», - ավելացրել է նա:
«Մենք՝ եվրոպացիներս, պետք է հստակ և ամուր պահենք մեզ ոչ թե թուրք ժողովրդի, այլ նախագահ Էրդողանի կառավարության նկատմամբ, որի գործելակերպն անընդունելի է», - նշել է Մակրոնը:
«Մեր կարմիր գծերը հասկանալի են. Եվրամիության բոլոր անդամ երկրների ինքնիշխանության հանդեպ հարգանք, միջազգային իրավունքի հանդեպ հարգանք, բոլոր միակողմանի գործողությունների դատապարտում: Մեր ցանկությունն է՝ խուսափել էսկալացիայի բոլոր տեսակներից: Թուրքիան այսօր պետք է պարզաբանի իր մտադրությունները», - ասել է Մակրոնը:
Վերջին շաբաթներին կտրուկ սրվել են հարաբերությունները Աթենքի և Անկարայի միջև: