10/09/2020 11:56
Հայաստանում սոցիալական ճգնաժամ տեղի չի ունեցել, սակայն սոցիալական, տնտեսական վիճակի վատթարացում կա. Վարչապետ (Տեսանյութ)
Աներկբա է, որ համաճարակը էական սոցիալական տնտեսական վնասներ է պատճառել, բայց շատ կարևոր է գնահատել, թե որքան են այդ վնասները, կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ սոցիալական վատթարացման իրավիճակի վերաբերյալ կարող է վկայել հսկիչ դրամարկղային կտրոններով առևտրի շրջանառությունը և 2020 թվականի օգոստոս ամսին ՀԴՄ շրջանառությունը նվազել է ընդամենը 2,5 տոկոսով՝ 2019 թվականի օգոստոս ամսվա համեմատ:
«Այսինքն՝ առևտուրը բոլոր տեղերում նվազել է 2,5 տոկոս և այսպիսի ցածր ցուցանիշի նոր ենք հասել: Այս թիվը ինքնին պետք է վկայի այն մասին՝ որևէ կասկած չկա, որ սոցիալական խնդիրներ կան, բայց դրանք եղել են նաև 2019 թվականին, բայց սոցիալական կոլապս և սոցիալական ճգնաժամ միանշանակ չունենք», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ինչ վերաբերում է նվազման ցուցանիշին, վարչապետն ասաց, որ թեև այս տարի այստեղ են մարդիկ, ովքեր նախորդ տարի արտագնա աշխատանքի են եղել, սակայն պետք է հաշվի առնել, որ այստեղ չեն նաև զբոսաշրջիկները, որոնք շատ ավելին են ծախսում, քան՝ տեղացիները:
Վարչապետը նշեց, որ ՀԴՄ կարգապահությունը, համավարակով պայմանավորված, ամենաբարձր մակարդակում չէ:
«Այս թվերը աներկբայորեն ցույց են տալիս, որ Հայաստանում սոցիալական ճգնաժամ տեղի չի ունեցել, չկա, սակայն այն, որ սոցիալական, տնտեսական վիճակի վատթարացում կա, դա ակնհայտ է: Հակաճգնաժամային միջոցառումների շրջանում տնտեսություն ամենատարբեր գործիքներով ներարկվել է 163,4 միլիարդ դրամ՝ երեկվա դրությամբ: Այս միջոցառումների մեջ առանձնակի դեր են տանում աշխատատեղերի պահպանմանն ուղղված միջոցառումները և կարող ենք արձանագրել, որ 2020 թվականի հուլիսին հանրապետությունում առկա էր 613 062 աշխատատեղ, որը 2019 թվականի համեմատությամբ ավելի է 6 597 աշխատատեղով կամ 1,1 տոկոսով, այսինքն՝ ավելի շատ գրանցված աշխատատեղ ունենք: Ընդ որում, աշխատավարձերի ֆոնդերը այս տարի 8,3 տոկոսով ավելի է և մեկ մարդու միջին աշխատավարձը ավելի 13 841 դրամով», - ասաց նա: