10/09/2020 11:18
Անհրաժեշտ որոշում կկայացնենք, որ երեխաները հնարավորինս օր առաջ լիաթոք շնչեն. Վարչապետը՝ դպրոցում դիմակներ կրելու մասին (Տեսանյութ)
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին:
«Վերջին քսան օրում մենք ամենօրյա ռեժիմով ունենում ենք երկու հարյուրից պակաս նոր դեպք, սա, իհարկե, բարելավում է, բայց բարելավման մեկ այլ ցուցանիշ էլ ունենք. ակտիվ դեպքերի թիվը էականորեն նվազել է, ու մենք այս պահի դրությամբ 3000-ից պակաս ակտիվ դեպք ունենք», - ասաց նա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ամենօրյա թեստերի թիվն աննախադեպ բարձր է ու շատ կարևոր է արձանագրել, որ դրական տոկոսը ցածր է, ինչը համարվում է հայտնաբերելիության մեծ աստիճան:
«Մենք հինգ, վեց, յոթ, ութ տոկոսի շրջանակում ենք, ինչը միջազգայնորեն համարվում է հայտնաբերման բարձր ցուցանիշ», - ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանը շարունակվում է բարելավման վիճակում գտնվել:
«Առաջիկա մեր ամենամեծ ռիսկը դինամիկան խախտելու դպրոցների բացումն է ու այս առումով կայացվել են որոշումներ, որոնք միանշանակ չեն ընդունվում հանրության կողմից, պատճառն այն է, թե կա պահանջ, որ դպրոցում երեխաները պետք է դիմակ կրեն, ես ուզում եմ արձանագրել, որ մենք պարտադրված ենք անել նման քայլեր, որ թույլ չտանք, որպեսզի վերադառնանք համաճարակային նոր ճգնաժամի ու կան մեկնաբանություններ, որոնք ուղղակի զարմացնում են. ես ուզում եմ ասել, որ բոլոր հակահամաճարակային միջոցները, որոշումները, որ ընդունում ենք, մենք ինքներս ենք կիրառում դրանք ու պահպանում, մի բան էլ դեռ ավելի: Այն որոշումները, որոնք կայացվում են, վերաբերում են ոչ միայն ուրիշների, այլև մեր երեխաներին նույնպես, մեր երեխաները ոչ դպրոցներում, մանկապարտեզներում, ոչ էլ որևէ այլ տեղ արտոնյալ չեն, այնպես որ՝ մենք կգնանք այս ճանապարհով, բայց մոնիթորինգ կանենք իրավիճակը», - ասաց ՀՀ վարչապետը:
Նրա խոսքով՝ մոնիթորինգի արդյունքում համապատասխան անհրաժեշտ որոշում կկայացնեն, որ երեխաները հնարավորինս օր առաջ լիաթոք շնչեն: