10/09/2020 12:00
«Այս խմորը դեռ շատ ջուր է տանելու». Վարչապետը համաձայն չէ, թե կորոնավիրուսի երկրորդ ալիքի վտանգը օդում կախված է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր կառավարության նիստին ասաց, որ ուսուցիչներին լայնածավալ թեստավորում են անցկացնում:
«Մենք ուզում ենք դպրոցները բացենք և չփակենք: Պետք է մաքսիմալ կանոնները պահենք, որ այնպես չստացվի՝ դպրոցները բացենք, հետո ստիպված լինենք կրկին փակել», - ասաց նա:
Վարչապետի խոսքով՝ փորձը ցույց տվեց, որ, ցավոք սրտի, խնդրել, աղաչել, պաղատելով չի ստացվում:
«Մենք երկար ժամանակ ամեն օր խնդրում, աղաչում, պաղատում էինք ամենօրյա ռեժիմով, սակայն երբ դա չի ստացվում, պետք է վարչական միջոց կիրառվի», - ասաց նա:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ավելացրեց, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքի վտանգը օդում կախված է, ինչին վարչապետը հակադարձեց. «Երկրորդ ալիքի սպառնալիքը ոչ թե օդում կախված է, այլ երկրորդ ալիք եվրոպական շատ երկրներում տեղի է ունենում։ Երկրներ կան, որոնք 4 ամիս առաջ հայտարարել են, որ հաղթահարել են, այսօր նորից համատարած կարանտինի ռեժիմի են վերադառնում: Այնպես որ՝ այս խմորը դեռ շատ ջուր է տանելու, և ես կարծում եմ, որ կորոնավիրուսի հետ կապված պատմություններից հետևություններ անելը շատ վաղ է»: