11/09/2020 14:22
«Ավտոբուս տվեք, պլոմբեք, որ ոչ ոք չիջնի, թեկուզ ցամաքային ճանապարհով հասնենք տեղ». ՌԴ մեկնել ցանկացողների առաջարկը
Ռուսաստան մեկնել ցանկացողներն այսօր ևս հավաքվել են կառավարության մոտ: Ասում են՝ պայքարելու են մինչև վերջ, մինչև սահմանները բացվեն: Կառավարությունից իրենց դեռևս չեն արձագանքել.
«Ոչ ոք չի իջել, մեր հարցերին չեն պատասխանել: Այստեղ ընտանիքներ կան, որոնց համար մեկ օրն անգամ ծայրահեղ կարևոր է՝ աշխատանք են կորցնում, հայտնվում բանկերի սև ցուցակներում»:
Ակցիայի մասնակիցներից մեկը տեղեկացրեց՝ ծրագրել են երթ դեպի Ազգային ժողով, որից հետո գնալու են կառավարական առանձնատուն:
«Ուզում ենք, որ հասկանան՝ էս մարդիկ չեն կարող օրերով նստել, սպասել, թե երբ հարցը կլուծվի: Երեխան եկել, ասում է՝ ուզում եմ պապայիս տեսնել: Չի կարելի էդպես: Գոնե մի լուծում տան: Մի քանի ավտոբուս տվեք, պլոմբեք, որ ոչ ոք չիջնի, թեկուզ ցամաքային ճանապարհով հասնենք տեղ: Մենք ծախսերը կանենք», - ասացին ցուցարարները: