11/09/2020 11:34
Կիևի մարզում տեղի ունեցած խոշոր ավտոպատահարի հետևանքով հինգ մարդ է զոհվել, 20-ը՝ վիրավորվել
Ուկրաինայի Կիևի մարզում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 20 մարդ վիրավորվել է, հինգը՝ մահացել, ուրբաթ հաղորդել է երկրի ազգային ոստիկանության շրջանային վարչության մամուլի ծառայությունը:
«Վթարի հետևանքով զոհվել են «ՎԱԶ»-ի երկու ուղևորները, երթուղային տաքսու վարորդը և երկու ուղևորները: Նաև մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել թեթև մարդատար մեքենայի վարորդը և «Մերսեդես» մակնիշի մեքենայի 19 ուղևորները», - ասված է հաղորդագրության մեջ:
Ոստիկանության տվյալով՝ երկու բեռնատարի, մարդատար մեքենայի և երթուղային միկրոավտոբուսի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել ժամը 3.00-ին (Երևանի ժամանակով 4:00-ին) Բորիսպոլ շրջանի Կիև-Խարկով մայրուղու վրա: Ըստ ոստիկանության նախնական հաղորդագրության՝ բեռնատար DAF մակնիշի կիսակցորդով մեքենան բախվել է Mercedes-Benz ֆուրգոնին, որը շարժվում էր նույն ուղղությամբ: Դրանից հետո DAF-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «ՎԱԶ» մակնիշի և «Mercedes-Benz Sprinter» մակնիշի ավտոմեքենաներին: