11/09/2020 17:00
Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրությունն ավարտվեց
Մոտեցավ երկար սպասված պահը՝ արտակարգ դրության ավարտը: Այսօր ժամը 17:00-ից հանրապետությունը դուրս եկավ արտակարգ դրության ռեժիմից, բայց որոշակի սահմանափակումներ և հակահամաճարակային կանոնները, այնուամենայնիվ, կպահպանվեն, օրինակ՝ հանրային վայրերում դեռ պետք է դիմակ կրել:
Ինչի՞ց և ինչպե՞ս սկսվեց արտակարգ դրությունը
Այսպես, մարտի 1-ին հայտարարվեց՝ հանրապետությունում կորոնավիրուսի առաջին դեպքն է հայտնաբերվել: Դեպքը բերովի էր: Կարճ ժամանակ անց՝ դարձյալ մարտին, հանրապետությունում հաստատվեց արտակարգ դրություն՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով: Արտակարգ դրությունը երկարեցվեց 5 անգամ: Բարձր ամբիոններից հայտարարվում էր երկրում կորոնավիրուսով պայմանավորված անհուսալի իրավիճակի մասին: Այս ընթացքում փակվեցին ուսումնական հաստատությունները: Կրթութական գործընթացը տեղափոխվեց հեռավար հարթակ: Դադարեցվեց հանրային տրանսպորտի գործունեությունը: Արգելվեց տնտեսության մի շարք ճյուղերի գործունեությունը: Խստացումներ մտցվեցին բոլոր այն ոլորտներում, որոնց գործունեությունը կարող էր վատացնել վիճակը:
Այդպես երկիրը փորձեց ճնշել վիրուսը: Բայց տնտեսությունն այդ վիճակում երկար մնալ չէր կարող, ուստի արտակարգ դրությունը պահպանելով, ինչ-որ ժամանակահատվածում, աստիճանաբար մեղմացումներ մտցվեցին: Բայց մշտապես հիշեցվում էր՝ կորոնավիրուսի վտանգը չի անցել, թեև առողջապահության ոլորտից խոսվում էր նաև իրավիճակի կայունացման մասին:
Այս պահին էլ կորոնավիրուսի նոր դեպքեր դեռ հայտնաբերվում են, մահվան ցուցանիշներն էլ զրոյից բարձր են:
Սեպտեմբերի 4-ին խորհրդարանը քննարկեց և ընդունեց այսօրվանից արտակարգ դրությունը կարանտինով փոխարինելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը: Այսօրվանից կարանտինը կգործի մինչև 2021 թ. հունվարի 11-ը:
Մի քանի օր անց կրթական գործընթացը կմեկնարկի արդեն ուսումնական հաստատությունների շենքերում, իսկ մայրքաղաքում կարելի է զովանալ շատրվանների մոտ: Դրանք այսօրվանից գործարկվում են: