11/09/2020 18:38
Յուրաքանչյուրը, լսելով երգը, տեղափոխվելու է իր մանկական հուշեր. Վահագ Ռաշը ներկայացրել է նոր՝ «Հուշեր» երգի տեսահոլովակը (Տեսանյութ)
Երգահան, երգիչ Վահագ Ռաշը ներկայացրել է նոր՝ «Հուշեր» երգի տեսահոլովակը։ Երաժշտության հեղինակն է Հասմիկ Արշակյանը, բառերի հեղինակն է Վահագ Ռաշի մայրը՝ Անահիտ Սիմոնյանը։ Հասմիկ Արշակյանի երաժշտությամբ «Հուշերը» երգչի երրորդ երգն է։
«Հիշում եմ՝ Հասմիկն ուղարկեց երաժշտությունը, դեռ բառեր չկային։ Երևի հարյուր անգամ լսեցի, ամեն անգամ լսելուց տեղափոխվում էի մանկական հիշողություններ՝ Արթիկի մեր բակը, մանկական խաղերը, բակի տատիկ և պապիկները, ծառերը, քարերը։ Երաժշտության ամեն մի մասնիկն ինձ հիշեցնում էր իմ մանկության բոլոր դրվագները։ Հասմիկին ասացի, որ երգը պետք է լինի բակի մասին։ Քաղցր ու անջնջելի մանկական, պատանեկան հիշողությունների մասին։ Հասմիկը համաձայնեց, չնայած՝ ինքն ավելի շատ հակված էր երգի սիրային տարբերակին։ Բացատրեցի ամբողջությամբ մայրիկին, թե ինչ եմ ուզում, մայրս էլ էր ինձ հետ համաձայն, որ երաժշտությունը հենց դա էր հուշում։ Այդպես գրվեցին երգի բառերը։ Դե, ինձ մոտ երգը մարսելը բավական երկար է տևում, դրա համար մոտ երկու տարի անցավ ու նոր դիմեցի Վահան Նահապետյանին՝ գործիքավորման համար։ Վահանն ամբողջացրեց այդ հիշողությունները և երգը, ստացանք այդ պատկերները։ Երգի վերջնական հնչողությունն էլ ապահովեց ընկերս` Սերգեյ Գասպարյանը», - նշում է Վահագը։
Ռեժիսոր Սերժ Գաբյանը «Հուշեր»-ի համար ստեղծել է մի հոլովակ, որը հավաքված է երգի բառերով։ Վահագ Ռաշը համոզված է, որ յուրաքանչյուր ունկնդիր, լսելով երգը, տեղափոխվելու է իր մանկական հուշեր, հուզվելու է ու վերհիշի այդ քաղցր պահերը։