14/09/2020 11:00
Հակամարտության լուծումը կարող է հիմնված լինել փոխզիջման վրա, իսկ դա նշանակում է, որ կողմերից յուրաքանչյուրը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի. Զոհրաբ Մնացականյան
Մեր ուշադրությունը և մեր գերակայությունները վերաբերում են Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգության ապահովմանը և կարգավիճակի խնդրին՝ ինքնորոշման իրավունքի ճանաչմանը և դրա իրականացմանը` առանց սահմանափակումների, Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Հանգուցալուծման առումով մեր կարևորագույն առաջնահերթությունների առանցքում ընկած է անվտանգությունը: ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահությունը, որը բաղկացած է Ֆրանսիայից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից, եղել և մնում է միակ կարևոր միջազգային հարթակը, ձևաչափը, որի շրջանակներում էլ մենք փորձում ենք լուծել այս հակամարտությունը: Հակամարտության լուծումը կարող է հիմնված լինել փոխզիջման վրա, իսկ փոխզիջում նշանակում է, որ կողմերից յուրաքանչյուրը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի դեպի հավասարակշռված, չափելի լուծում, որը կհասցեագրի բոլորի շահերը»,-ասել է նա։
ՀՀ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է՝ չի կարող լինել «միայն իմ ճանապարհով» լուծում:
«Կարծում եմ` այս առումով մենք ականատես ենք լինում այս հակամարտության նկատմամբ միջազգային հանրության զգայունությանը: Բոլոր հակամարտությունները տարբեր են։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ապա այն ունի իր առանձնահատկություները, պատմությունը, նրբությունները և կարևոր տարբերությունները: Այս շրջանակներում էլ մենք բարձր ենք գնահատում մեր բոլոր գործընկերների շատ զգուշավոր մոտեցումը բացառապես խաղաղ հանգուցալուծմանը: Այս հարցը չունի ռազմական լուծում: Մենք կարող ենք պնդել դա, քանի որ Հայաստանը ունի բոլոր կարողությունները պաշտպանվելու, Արցախը ունի բոլոր կարողությունները պաշտպանվելու»,-ասել է Մնացականյանը։
Նրա խոսքով՝ կա Արցախի մեր հայրենակիցների անվտանգության միայն մեկ երաշխավոր, և դա Հայաստանն է:
«Մենք վճռական ենք այդ պաշտպանության հարցում, և հենց այդ վստահությամբ և ընկալմամբ է, որ մենք մերժում ենք ռազմական լուծման որևէ փորձ: Այս տրամաբանության շրջանակներում մենք լավ ընկալում ունենք մեր բոլոր գործընկերների մոտ, և մենք ունենք նաև մեր միջազգային գործընկերների շատ զգուշավոր, պատասխանատու ըմբռնումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքի և տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն ուղղված իրենց ջանքերի հանդեպ», - հավելել է ՀՀ արտաքին գործերի նախարարը։