15/09/2020 11:00
Ոչ թե պետք է Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչվի, այլ դրա իրացումը, այսինքն՝ անկախությունը. Աննա Կարապետյան
Ինքնորոշման իրավունքն Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքն է, որը կարիք չունի ճանաչման, պետք է ճանաչվի դրա իրացումը, Aysor.am-ի հետ զրույցում ասել է «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը:
Հիշեցնենք, սեպտեմբերի 13-ին Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ համատեղ մամուլի ասուլիսին Զոհրաբ Մնացականյանն ասել է. «Մեր ուշադրությունը և մեր գերակայությունները վերաբերում են Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգության ապահովմանը և կարգավիճակի խնդրին՝ ինքնորոշման իրավունքի ճանաչմանը և դրա իրականացմանը` առանց սահմանափակումների: Հանգուցալուծման առումով մեր կարևորագույն առաջնահերթությունների առանցքում ընկած է անվտանգությունը»:
Մեկնաբանելով այս հայտարարությունը՝ փորձագետն ընդգծել է. «Ինքնորոշման իրավունքն Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքն է, որը կարիք չունի ճանաչման, պետք է ճանաչվի դրա իրացումը, իրացման արդյունքը, այսինքն՝ Արցախի անկախությունը»:
«Հերթական անգամ Հայաստանի գործող իշխանությունն Արցախի ինքնորոշման իրավունքը, փաստացի, կախման մեջ է դնում երկրորդ, երրորդ երկրներից: Եթե մինչ այժմ դա արվում էր Հայաստանի ժողովրդի, Ադրբեջանի ժողովրդի և Արցախի ժողովրդի համար Արցախյան հակամարտության ընդունելի լուծման մասին անհեթեթ թեզով, այժմ՝ ինքնորոշման իրավունքի ճանաչման պահանջով: Ի դեպ, նախարարը կրկին սկսեց կրկնել երեք ժողովուրդների այդ թեզը»,- նշել է նա:
Աննա Կարապետյանը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ չնայած Զոհրաբ Մնացականյանը խոսում է ինքնորոշման իրավունքի մասին, հակամարտության հանգուցալուծման առանցքում դնում է միայն անվտանգության հարցը:
Ի դեպ, նույն ձևակերպումը հանդիպում է նաև իսպանական «EFE»-ին ՀՀ արտգործնախարարի տված հարցազրույցում, որը տեղադրվելուց հետո հեռացվեց ԱԳՆ կայքից: Հարցազրույցում նա խոսում էր «առանց սահմանափակումների ինքնորոշման իրավունքի ճանաչման» մասին:
«Հարցազրույցի մեջ, ըստ ԱԳՆ կայքի, նախարարը նաև նշում է, որ Ադրբեջանի հետ դիմակայությունը Լեռնային Ղարաբաղի «ինքնիշխանության պատճառով» է: Սա Արցախյան հակամարտության էության հերթական կոպտագույն խեղաթյուրումն է: Հակամարտության պատճառն Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման խաղաղ պահանջին Ադրբեջանի պատերազմով պատասխանելն է ու Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը չճանաչելը: Հայաստանի ԱԳՆ ղեկավարի կողմից նման բառակազմի օգտագործումն անընդունելի է և կարող է օգտագործվել մեր դեմ»,- ասել է քաղաքագետը: